Ուկրաինայի դեմ գիշերային հարձակմանը մասնակցել են Shahed տեսակի ավելի քան 60 անօդաչու թռչող սարքեր և տարբեր տեսակի շուրջ 90 հրթիռներ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Որպես զանգվածային գնդակոծության թիրախ նա անվանեց էլեկտրակայաններն ու էլեկտրահաղորդման գծերը, «հիդրոէլեկտրական ամբարտակը, սովորական բնակելի շենքերը, նույնիսկ տրոլեյբուսը»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակման է ենթարկվել Դնեպր ՀԷԿ-ը, ի թիվս այլ էներգետիկ օբյեկտների։ Չհաստատված տեղեկություններ կային, որ հրետակոծության հետևանքով այրվել է ամբարտակի վրա գտնվող ավտոբուս։ Զապորոժիեի շրջանի իշխանությունները հայտնել են, որ հրետակոծության զոհերի մասին տեղեկություն չունեն։
Զելենսկին թվարկել է այն շրջանները, որտեղ վերականգնվում է էլեկտրաէներգիայի մատակարարումը` Խարկով և Խարկովի մարզ, Զապորոժիե, Սումի, Պոլտավա, Դնեպրոպետրովսկ, Օդեսա, Խմելնիցկի, Վիննիցա և Իվանո-Ֆրանկովսկի շրջաններ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խարկովն ամբողջությամբ հոսանքազրկվել է գիշերային հարձակման արդյունքում։
Զելենսկին կրկին կոչ է արել չհետաձգել Ուկրաինային ռազմական օգնության հարցի լուծումը. «Patriot համակարգերը պետք է պաշտպանեն Խարկովն ու Զապորոժյեն, հակաօդային պաշտպանությունը անհրաժեշտ է մարդկանց, ենթակառուցվածքների, տների և ամբարտակների պաշտպանության համար։ Գործընկերները հստակ գիտեն, թե ինչ է անհրաժեշտ: Նրանք հաստատ կարող են ձեզ աջակցել։ Այս լուծումներն են անհրաժեշտ։ Կյանքը պետք է պաշտպանել մոսկովյան այս մոլեռանդներից»։





























