ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է Էստոնիային, Լատվիային և Լիտվային այս տարի 228 մլն դոլարի ռազմական և պաշտպանական օգնություն հատկացնել Բալթյան անվտանգության նախաձեռնության շրջանակներում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Էստոնիայի պաշտպանության նախարարության պաշտոնյաներին։
ԱՄՆ կառավարության ֆինանսավորման օրինագիծը, որը ներառում է ռազմական օգնություն բալթյան երեք երկրներին, որոնք ՆԱՏՕ-ի անդամ են և Ռուսաստանի հարևան երկրներ, հավանության է արժանացել օրենսդիրների կողմից ուրբաթ օրը:
«ԱՄՆ աջակցությունը զգալիորեն օգնել է Էստոնիային, Լատվիային և Լիտվային արագացնել ռազմական ենթակառուցվածքների և կարողությունների զարգացմանն ուղղված մի շարք նախագծերի իրականացումը, - ասվում է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրի հայտարարության մեջ:- Լավ նորությունն այն է, որ աջակցությունը մի փոքր ավելի մեծ է, քան անցյալ տարի»:
«Սա (ֆինանսական օգնությունը) հստակ ազդանշան է ուղարկում, որ ԱՄՆ-ն՝ ՆԱՏՕ-ի ամենամեծ դաշնակիցը, հավատարիմ է մեր տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը»,- ասել է նա։
2020 թվականին ստեղծված Բալթյան անվտանգության նախաձեռնությունը կամ BSI-ն նախագիծ է, որի միջոցով ԱՄՆ պաշտպանության նախարարությունը աջակցում է Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի զինված ուժերի ռազմական հնարավորությունների և փոխգործունակության զարգացմանը:
ԱՄՆ-ի ֆինանսավորման շրջանակում հիմնական ուշադրությունը հատկացվում է է Բալթյան երկրներում հակաօդային պաշտպանությանը, ծովային իրավիճակային իրազեկմանը և ցամաքային զորքերի զարգացմանը, ասել է Էստոնիայի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ BSI-ի շրջանակներում 2023 թվականին երեք երկրներին կտրամադրի ընդհանուր 225 միլիոն դոլարի օգնություն:
Դեկտեմբերին Միացյալ Նահանգները և Բալթյան երկրները հնգամյա պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզ են համաձայնեցրել, որը կուղղորդի երկրների միջև պաշտպանական և ազգային անվտանգության համատեղ հարաբերությունները մինչև 2028 թվականը:





























