Նիգերիայի բանակը գործողության ընթացքում ազատ է արձակել մարտի 9-ին երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող ուսումնական հաստատությունից առևանգված 17 դպրոցականների։ Այս մասին հայտարարել է Սոկոտոյի նահանգապետ Ահմեդ Ալիյու Սոկոտոն։
Ըստ Channels TV-ի, գործողության մանրամասները չեն հաղորդվում, սակայն ուսումնական հաստատության ներկայացուցիչ Լիման Աբուբաքարը հայտնել է, որ փրկագին չի վճարվել։ «Առևանգողների հետ որևէ շփում չի եղել»,- նշել է նա։
Գիշերը Սոկոտո նահանգում ավազակները հարձակվել էին դպրոցական հանրակացարանի վրա։ Նրանք իրենց հետ տարել էին մի խումբ դպրոցականների և ուսումնական հաստատության աշխատակցին։ Նա նույնպես ազատ է արձակվել։ Դպրոցականների առևանգումը տեղի է ունեցել երկու օր անց այն բանից հետո, երբ ավազակները Կադունա նահանգում առևանգել էին 287 դպրոցականների և ուսուցիչների: Իշխանությունները շարունակում են նրանց որոնումները։




























