Տուլայի մարզի բնակիչ Ալեքսանդրը պատմել է, որ երեք մեքենաների խափանումն իրեն ու որդուն փրկել է մերձմոսկովյան «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից։ Այս մասին գրում է Shot տելեգրամյան ալիքը։
Նա պատմել է, որ ողբերգությունից քիչ առաջ իր ավտոմեքենաներից մեկը վթարի է ենթարկվել, իսկ մյուսը խափանվել է։ Չնայած դրան՝ տղամարդը որոշել է նոր փոխադրամիջոց վարձել և որդու հետ գնացել է «Պիկնիկ» խմբի համերգին։ Մոսկվայի օղակաձև ճանապարհից 60 կիլոմետր հեռավորության վրա ավտոմեքենայի անվադողը պայթել է, և մինչ Ալեքսանդրը փորձում էր այն փոխարինել, ահաբեկչությունը տեղի է ունեցել։
Մեքենան վերանորոգելուց անմիջապես հետո նա շտապել է դեպի համերգասրահ՝ գոնե մի երկու երգ լսելու հույսով։ Բարեբախտաբար ընկերները ժամանակին զանգել են նրան, պատմել սարսափելի դեպքերի մասին, և նա հետ է վերադարձել։




























