Գյումրիի հիվանդանոցներում պետպատվերով բուժման տեղերը սահմանափակ են ու հասանելի միայն հաշմանդամություն ունեցող եւ նպաստ համակարգ ընդգրկված խիստ անապահով մարդկանց համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրել է Գյումրիի «Սամարիթեր »հիվանդանոցի տնօրեն Ռաֆիկ Խաչատրյանը: Արդեն մի քանի տարի բուժհաստատությունների ղեկավարները բարձրաձայնում են, թե պետպատվերով բուժման համար նախատեսված տեղերի թիվը չի բավարարում, հիվանդանոցները շատ դեպքերում սեփական բյուջեների հաշվին են անվճար բուժսպասարկում կազմակերպում, սակայն ոչ մի արձագանք նախարարությունից չկա: Ռաֆիկ Խաչատրյանի խոսքով՝ նույնիսկ դիալեզով հիվանդների բուժման համար սահմանված գումարներն այս տարի չեն բարձրացվել:
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության մասնագետները NEWS.am-ի թղթակցին փոխանցել են, որ համապատասխան գրություն է ուղարկվել անձամբ նախարար Քուշկյանին ու ներկայացվել իրավիճակը: Վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով՝ մեր մարզի առողջապահական ոլորտում անվճար բուժման համար նախատեսված տեղերը պետք է ավելացվեն, քանի որ մեր մարզում կա որոշակի խավ, որը սոցիալապես խիստ անապահով է, սակայն չունի որեւէ արտոնություն պետպատվերով բուժումից օգտվելու համար, «հիվանդանոցները ստիպված որոշ զեղչեր են անում, սակայն դա խնդրի լուծում չէ»,-նշել է վարչության պետը:
«2012-ին էլ այս տարվա նման հիվանդանոցները պետք է բարերարներ գտնեն, դիմեն դոնոր կազմակերպությունների ֆինանսավորման խնդրանքով, հակառակ դեպքում վնասով կաշխատեն»,-նշել է Սամարիթեր հիվանդանոցի գործադիր տնօրենը: Այս առումով պատկերը նույնն է նաեւ Շիրակի մարզային հիվանդանոցում: Սրտաբանական բաժանմունքի վարիչ Արթուր Ստեփանյանի խոսքերով՝ համավճարի ներդրումն էլ այս ոլորտում ոչինչ չի փոխել:
«Նոր համակարգի ներդրման արդյունքում ինչ-որ չափով բարձրացել է բժիշկների աշխատավարձը: Ինչ մնում է բուժսպասարկմանը, ապա շատ հիվանդատերեր նույնիսկ զեղչված տարբերակով վճարումներ կատարելու հնարավորություն չունեն»,-ասել է սրտաբանը:
Սոցիալապես ծանր պայմաններում ապրող ու անվճարունակ մարդկանց թիվը Շիրակի մարզում քիչ չէ, ուստի, ըստ առողջապահական ոլորտի մասնագետների, համավճարի համակարգն ինչ-որ չափով նվազեցրեց ստվերն այս ոլորտում, սակայն միաժամանակ նոր խնդիրներ առաջ բերեց: Ուստիեւ առայժմ խուսափում են կարծիք հայտնել այն հարցի շուրջ, թե որքանով է նոր ներդրված համակարգն արդարացրել իրենց հույսերը:




























