Հայաստանում այսօր` նոյեմբերի 11-ին, ավարտվել է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ եռօրյա դասընթացը, որի նպատակը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների` մարդու իրավունքների մասին գիտելիքների ու մշտադիտարկման կարողությունների ամրապնդումն էր:
Ծրագիրը կազմակերպվել է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:
Քաղաքացիական հասարակության երեք խումբ ներկայումս մշտադիտարկում է Հայաստանի փակ, կիսափակ եւ բաց հաստատությունները: Հասարակական մի խումբը դիտարկում է մարդու իրավունքների իրավիճակը քրեակատարողական հաստատություններում, մյուսն այցելություններ է իրականացնում ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրեր, իսկ երրորդը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ: Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի` որպես ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության Ազգային կանխարգելիչ մեխանիզմի փորձագիտական խորհրդի, որը ներառում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, անդամները նույնպես մասնակցել են դասընթացին:
«Այս դասընթացը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դիտորդական կարողությունների ամրապնդմանն ուղղված մեր ջանքերի մաս է կազմում: Հուսով ենք, որ ծրագիրն կնպաստի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների իրավաբանական փորձագիտությունը եւ կարողությունները կատարելագործելուն, որոնք անհրաժեշտ են մարդու իրավունքների պաշտպանության համար», - ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը:
«Ի նկատի ունենալով այն փաստը, որ Հայաստանում գործում են մի շարք մարդու իրավունքների դիտորդական խմբեր, որոնց անդամներն ընտրվում են ռոտացիոն սկզբունքով` ակնհայտորեն առկա է այլ հասարակական կազմակերպությոեւնների անդամներին վերապատրաստելու անհրաժեշտություն, ովքեր կարող են ներգրավվել մարդու իրավունքների եւ խոշտանգումների կանխարգելման սույն մեխանիզմներում», - ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
«Այս դասընթացը նպատակ ունի նաեւ խթանել այս խմբերի համագործակցությունը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության այլ կազմակերպություններին եւ իրավապաշտպաններին ծանոթացնել խմբերի գործունեությանը», - հավելեց նա:
Հասարակական կազմակերպությունների մոտ քսան անդամներ մասնակցեցին այս դասընթացին, որի թեմաների էին` մարդու իրավունքների միջազգային չափորոշիչները` մասնավորապես ազատազրկված անձանց հետ վարվեցողության կանոնները, ՀՀ օրենսդրական դաշտը, մարդու իրավունքների դիտորդական մարմիններն ու մեթոդները: Նիստերը ներառում էին տեղեկատվության ազատության եւ տվյալների հավաքագրման, օրենսդրական վերլուծության, մշտադիտարկման, հարցազրույցների, հաշվետվության մշակման եւ շահերի պաշտպանության թեմաներ:
Միջոցառումը հաջորդում է ս.թ. հոկտեմբերին ԵԱՀԿ կողմից` այս դիտորդական խմբերի եւ այլ հասարակական կազմակերպություններից պոտենցիալ անդամների համար կազմակերպված նման դասընթացի, որին մասնակցում էր Բուլղարիայի հելսինկյան կոմիտեի նախագահը եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խորհրդականը:




























