Իրավապաշտպանների խմբերը դատի են տվել ամերիկյան իշխանություններին, որոնք հետաձգել են մենթոլով սիգարետների արգելքը 2024թ. ընտրությունների պատճառով, տեղեկացրել է CNN հեռուստաալիքը։
Մինչ այդ Washington Post թերթը, հղում կատարելով ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչներին, գրել էր, որ վարչակազմը կհետաձգի մենթոլով սիգարետների արգելքը, որը կարող է ազդել Բայդենի վերընտրման վրա 2024թ. նախագահական ընտրություններում։
«Քաղաքացիական եւ բուժկազմակերպությունների կոալիցիան երեքշաբթի հայտնել է, որ դատի են տալիս ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկման վարչությանը, քանի որ նա հետաձգել է մենթոլ պարունակող սիգարետների արգելքը»,- նշվել է հաղորդման մեջ։
Ինչպես տեղեկացրել է հեռուստաալիքը, 2020թ. հետազոտությունը ցույց է տվել, որ սեւամորթ ծխողների ավելի քան 83 տոկոսը նախընտրում է մենթոլով սիգարետները, իսկ սպիտակամորթները դրանք նախընտրում են 30 տոկոսով։
Associated Press գործակալությունը տեղեկացրել է, որ հայցը աճող մտահոգության հետեւանքն է, որ օրենքի ընդունումը մենթոլով սիգարետների արգելքի մասին կարող է խափանվել ԱՄՆ նախագահի ընտրությունների պատճառով։ Նշվել է, որ Սպիտակ տան որոշ պաշտոնյաներ կարծում են, որ այդ արգելքը կարող է նվազեցնել Բայդենի ընտրողների թիվը սեւամորթ բնակչության շրջանում, որն օգտագործում է մենթոլով սիգարետներ։
Նշվել է, որ երեքշաբթի Սպիտակ տան ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել հայցը, բայց ամերիկյան կառավարությումը պատասխան տալու համար երկու ամիս կունենա։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ մենթոլով սիգարետների արգելքի մասին օրենքը բանավեճեր է առաջացրել 2024թ. նախագահական ընտրությունների շեմին։ Դեմոկրատները մտահոգություն են հայտնել, որ Բայդենի սասանված հեղինակությունը կարող է հանգեցնել սեւամորթ ընտրողների թվաքանակի կրճատման, «որի քաղաքական աջակցությունն է նրան Սպիտակ տուն բերել»։





























