ՆԱՏՕ-ի երկրները, որոնք ՀՆԱ-ի երկու տոկոսը չեն ծախսում պաշտպանության վրա, «ռուսական ռուլետկա» են խաղում Արևմուտքի ապագայի հետ: Այս մասին զգուշացրել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շապսը։

Բրիտանական Telegraph թերթի համար ռազմական դաշինքի 75-ամյակին նվիրված հոդվածում պաշտպանության նախարարն ասել է, որ դաշնակիցները պետք է գիտակցեն, որ մենք այժմ գտնվում ենք «նախապատերազմյան աշխարհում»:

Անցյալ տարի ՆԱՏՕ-ի անդամներից միայն 11-ն են հասել երկու տոկոսի նպատակին, որն առաջին անգամ սահմանվել էր մոտ երկու տասնամյակ առաջ: Ընդ որում, այդ երկրների շարքում չեն ոչ Ֆրանսիան, ոչ Գերմանիան:

Ակնկալվում է, որ այս տարի այդ թիվը կաճի մինչև 18: Փարիզը և Բեռլինը վերջերս հայտարարեցին, որ կհասնեն այդ նպտակին 2024 թվականին, սակայն դաշինքի անդամ 32 երկրներից ոչ բոլորն են հետևել այդ օրինակին:

«Մենք պետք է դուրս գանք այս նպատակից՝ ուժեղացնելու մեր պաշտպանությունը։ Սակայն որոշ երկրներ դեռ չեն կարողանում հասնել նույնիսկ երկու տոկոսի։ Սա չի կարող շարունակվել: Մենք չենք կարող մեզ թույլ տալ խաղալ ռուսական ռուլետկա մեր ապագայի հետ»,- ասել է Շապսը:

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի տարեդարձին՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն ասել է. «ՆԱՏՕ-ի անցյալին հարգանքի տուրք մատուցելը բավարար չէ։ Այսօր եւս մեկ անգամ պետք է հրատապ մտածել դաշինքի ապագայի մասին։ Մենք հետպատերազմյան աշխարհից տեղափոխվել ենք նախապատերազմյան աշխարհ»։