Իրանի Սիստան եւ Բելուջիստան նահանգի Չաբահար եւ Ռասկ քաղաքների ոստիկանական բաժանմունքների վրա զինված ահաբեկչությունների հետեւանքով ուժային կառույցների երեք աշխատակից է զոհվել: Այս մասին հայտնել է նահանգի անվտանգության հարցերով փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամատին։

«Ժամը 22-ի սահմաններում ահաբեկիչները հարձակվել են Չաբահարի մի քանի ոստիկանական բաժանմունքների վրա։ Մեր անվտանգության ու իրավապահների օգնությամբ նրանց հարձակումը հետ է մղվել, մի քանիսը զոհվել կամ վիրավորվել են։ Ցավոք սրտի, մեր երեք մարտիկները զոհվել են»,- նրա խոսքերն է մեջբերում «Ջամարան» գործակալությունը։

Ռասկ քաղաքում ոստիկանական բաժանմունք մուտք գործելու փորձ է կանխվել, պարզաբանում է գործակալությունը։

Իրանի իշխանությունների տվյալներով՝ ահաբեկչական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը՝ իսլամիստական ​​զինյալ կազմակերպություն, որը գործում է հիմնականում Իրանի հարավ-արևելքում, որտեղ գտնվում է Աֆղանստանի և Պակիստանի հետ վատ պահպանվող սահմանը, ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: