Թաթարստանի ղեկավար Ռուստամ Մինիխանովը հանրապետության ձեռնարկությունների ղեկավարներին կոչ է արել հույսը չդնել ռուսական հակաօդային պաշտպանության ուժերի վրա եւ ինքնուրույն պաշտպանվել անօդաչուների գրոհներից։ Նրա հայտարարությունը էներգետիկայի վերաբերյալ հանրապետական համաժողովում մեջբերել է «116.ру» կայքը։
Ելույթի ժամանակ Մինիխանովը մեկնաբանել է ապրիլի 2-ին ուկրաինական անօդաչուների գրոհները Ելաբուգայում եւ Նիժնեկամսկում։ Նա նշել է, որ «ամենախոցելին» էներգետիկան եւ ոլորտի հետ կապված արտադրություններն են։
«Ըստ երեւույթին, այն պատճառով, որ Ուրազան է եւ ուղղափատ պահքը, Բարձրյալը մեզ նշան է տալիս. արթնացեք, տղերք, ոչ ոք մեզ չի պաշտպանի մեզանից բացի։ Չպետք է սպասել, որ գործի դրվի հակահրթիռային պաշտպանությունը, նա ուրիշ խնդիրներ է լուծում։ Մենք պետք է լուծենք մեր ուժերով, յուրաքանչյուր ձեռնարկություն, յուրաքանչյուր շրջան, յուրաքանչյուր քաղաք»,- ասել է Թաթարստանի ղեկավարը՝ դիմելով շրջանի ձեռնարկությունների ղեկավարներին։ Նա չի նշել, սակայն, թե որ ձեռնարկությունները պետք է հետ մղեն գրոհները։
Մինիխանովը արտակարգ ծառայություններին կոչ է արել միշտ պատրաստ լինել, ունենալ պաշարներ եւ բրիգադներ։
Ապրիլի 2-ի առավոտյան անօդաչուներն առաջին անգամ պատերազմի ընթացքում գրոհել են Թաթարստանի ձեռնարկությունները։ Նիժնեկամսկում դրոնները գրոհել են «Տանեկո» նավթավերամշակման գործարանը, որը «Թաթնեֆտի» դուստր ձեռնարկությունն է։ Ելաբուգայում գրոհի հետեւանքով վնասվել է «Ալաբուգա Պոլիտեխ» քոլեջի ուսանողների հանրակացարանը։ Իշխանությունների տվյալներով՝ տուժել է 14 մարդ, այդ թվում Ռուսաստանի, Ղրղզստանի, Շրի Լանկայի, Զիմբաբվեի, Ռուանդայի, Կոնգոյի, Քենիայի, Նիգերիայի, Հարավային Սուդանի քաղաքացիներ։ Երկու տուժածներ անչափահաս են։
Տուժած հանրակացարանը գտնվում է գործարանից մի քանի հարյուր մետր հեռու, որտեղ հավաքում են «Շահեդ» կամիկաձե-դրոններ, որոնցով Ռուսաստանը գրոհում է Ուկրաինան։
Ուկրաինական պարբերականները, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել են, որ անօդաչուների գրոհը Թաթարստանի ձեռնարկությունների դեմ Ուկրաինայի ռազմական հետախուզության եւ Ազգային անվտանգության ծառայության գործողությունն էր։





























