Եվրամիությունը լուրջ մտահոգություն է հայտնել կառավարող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության որոշման հետ կապված, նորից մտցնել օրենք օտարերկրյա գործակալների մասին։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ դեսպանությունը Վրաստանում։
«Կառավարող կուսակցության որոշումը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը կրկնակի ներկայացնելու մասին լուրջ անհանգստություն է առաջացնում։ Եվրամիությունը վշտացած է, որ այն նորից դիտարկվում է, չնայած սուր հանրային եւ միջազգային արձագանքին 2023թ. մարտին»,- նշվել է հայտարարությունում։
Ներկայացուցչության խոսքով՝ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունների համար նպաստավոր պայմանների ստեղծումը վճռական դեր է խաղում Եվրամիությանը Վրաստանի միանալու հարցում։ ԵՄ-ն հիշեցնում է, որ Եվրահանձնաժողովը 2023թ նոյեմբերին երաշխավորել է երկրի թեկնածուի կարգավիճակը կոնկրետ պահանջների կատարման պայմանով։ Մասնավորապես, Վրաստանը պետք է նպաստավոր աշխատանքային պայմաններ ապահովի քաղաքացիական հասարակության համար, պայքարի Եվրամիության մասին ապատեղեկատվության դեմ։ Բրյուսելը կոչ է անում երկրի քաղաքական գործիչներին իրականացնել բարեփոխումներ, որոնք կծառայեն ԵՄ-ին անդամակցության հայտարարված նպատակներին։ Հիշեցվել է դեմոկրատիայի, օրենքի եւ մարդու իրավունքների գերակայության մասին։
Չորեքշաբթի կառավարող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտնել էր երկրորդ անգամ օրինագիծը մտցնելու մասին։ Դա տեղի է ունեցել այն բանից մեկ տարի հետո, երբ նման նախաձեռնությունը հանգեցրել էր զանգվածային բողոքների։ Մդինարաձեն նշել է, որ նախագծի տեքստը լինելու է այնպիսին, ինչպես եւ 2023թ., չի լինելու միայն «օտարերկրյա ազդեցության գործակալ» տերմինը։ Դրա փոխարեն օգտագործվելու է «կազմակերպություն, որն առաջ է տանում օտարերկրյա ուժի շահերը» հասկացությունը։ Հիմնական պատճառն այն է, որ արտասահմանից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները նախկինի պես չեն ներկայացնում իրենց եկամուտները։ Դրանք հաճախ դառնում են բողոքների գլխավոր շարժիչ ուժը։





























