Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգի մշակումը սկսվել է փետրվարին, և այս աշխատանքի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացումն է։ Այս մասին ապրիլի 4-ին Ազգային ժողովում «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարներն ու մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Նրա խոսքով, նոր օրակարգը, որի վրա ներկայումս աշխատանքներ են տարվում, կոչված է թարմացնելու գործող համագործակցության օրակարգը։ Այն հիմնված է լինելու CEPA-ի համաձայնագրի վրա։ «Այն նաև առաջնահերթություն կդնի, թե ինչպես մենք միասին աշխատենք՝ օգնելու ավելի արագ հասնել CEPA-ի նպատակներին և հասկանալ, թե ավելին ինչ կարելի է անել: Նոր օրակարգը հիմնված է լինելու նախկին համագործակցության վրա, բայց ավելի առարկայական»,- ասել է Մարագոսը։

Զարգացման ընթացքում, ինչպես նշեց դեսպանը, հաշվի են առնվում մի շարք տարրեր, ինչպիսիք են՝ մարդու իրավունքները և ժողովրդավարությունը, արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը, տնտեսական համագործակցությունը և ոլորտային խնդիրները, ինչպես նաև էներգետիկան, առևտրատնտեսական բազմազանությունն ու դիվերսիֆիկացիան, ենթակառուցվածքները և այլն։

«Քանի որ մենք նոր օրակարգ ենք մշակում, մենք պարապ չենք նստում։ Աշխատանքներ են տարվում բոլոր ուղղություններով։ Ե՛վ ԵՄ-ն, և՛ Հայաստանը համաձայն են, որ մեր հարաբերությունները երբեք այսքան դինամիկ չեն զարգացել»,- ընդգծեց դիվանագետը։

Մարագոսը նշեց, որ այժմ կենսական նշանակություն ունի, որ CEPA-ն ամբողջությամբ իրականացվի, հատկապես ստանդարտների և միջազգային նորմերին դրանց համապատասխանեցման առումով: «Այս չափանիշներին համապատասխանելը հիմնական մարտահրավերն է, սակայն այդ չափանիշներին հասնելը կհանգեցնի նրան, որ Հայաստանի տնտեսությունը կմնա ժամանակին համընթաց»,- ասաց դեսպանը։

Նա հիշեցրեց նաև, որ ԵՄ աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվել է 550 մլն եվրո։ Դրանցից 120 միլիոնը գնացել է 35-ից ավելի ծրագրեր իրականացնելու ՀՀ Սյունիքի մարզում։ Խոսքը, մասնավորապես, ենթակառուցվածքներում ներդրումների, քաղաքացիական հասարակության զարգացման, զբաղվածության մակարդակի բարձրացման և «կանաչ տնտեսության» անցնելու մասին է։