ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) կենտրոնացած է Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ անկախության ամրապնդման, պարենային անվտանգության կայունացման վրա։ Ինչպես տեղեկացրել է «Արմենպրեսը», մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի եւ Եվրասիայի գրասենյակի ադմինիստրատորի օգնական Էրին ՄըքՔին։

«8,6 միլիոն դոլար արժողությամբ մեր նոր ծրագիրը կբարելավի Հայաստանի վերականգնվող էներգիայի հասանելիության եւ ինտեգրման հնարավորությունները: Բացի այդ, չնախատեսված հանգամանքների դեպքում պլանավորումը թույլ կտա Հայաստանին համակարգված արձագանքել մատակարարումների խափանումներին՝ միաժամանակ բարձրացնելով էներգաարդյունավետությունը: Այս ֆինանսավորումը նաեւ կամրապնդի Հայաստանի ՝ կիբերանվտանգության ոլորտում երկրի էներգետիկ ենթակառուցվածքների կրիտիկական խոցելիություններն ավելի լավ հաղթահարելու ունակությունը»,- ասել է ՄըքՔին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ ՄԶԳ-ն նաեւ կօգնի կայունացնել Հայաստանի պարենային անվտանգությունը՝ աջակցելով հացահատիկի արտադրության եւ պահպանման ծավալների մեծացմանն ուղղված հայ ֆերմերների ջանքերին: 

«Առաջիկա 6 միլիոն դոլար արժողությամբ պարենային անվտանգության ծրագիրը կբարձրացնի հիմնական մշակաբույսերի արտադրողականությունը՝ հաշվի առնելով կլիմայական պայմանները: Դա արվելու է Հայաստանի պարենային համակարգի արդիականացման միջոցով, եւ մենք կարող ենք ավելացնել ներքին արտադրությունը եւ նվազեցնել կախվածությունը ներմուծումից»,- նշել է ՄըքՔին։

Նա նաեւ ավելացրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել անհրաժեշտ բարեփոխումներին եւ կառավարության կարողությունների ամրապնդմանը:

«Թվային ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված աշխատանքը կարդիականացնի եւ կընդլայնի Հայաստանի մոտեցումը պետական կառավարման, առեւտրի դիվերսիֆիկացման եւ տնտեսական ինտեգրման նկատմամբ: Բայց ամենակարեւորը՝ մենք կենտրոնացած ենք Հայաստանի ժողովրդի մարդկային արժանապատվությունը որպես գլխավոր առաջնահերթություն պահպանելու վրա»,- եզրափակել է ՄըքՔին։