Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է, թե արդյոք Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը օգտվե՞լ է Թուրքիայի ազգային ավիափոխադրող Turkish Airlines-ի թռիչքների բարձր դասի անվճար սպասարկումից։ 

Ըստ ABC News-ի՝ այդ թռիչքների հետաքննությունը ավելի լայն կոռուպցիոն հետաքննության մի մասն է, որում ընդգրկված են Turkish Airlines-ի գործադիր տնօրենը, քաղաքապետի օգնականները և ինքը՝ Ադամսը, որի հեռախոսներն ու այլ էլեկտրոնային սարքերը նախկինում առգրավվել էին:

Հետաքննության առնվազն մի մասը վերաբերում է այն հարցին, թե արդյոք Թուրքիայի նվիրատվություններն արվել են արդյոք քաղաքական ծառայությունների դիմաց: Մասնավորապես կասկած կա, որ Նյու Յորքի հրշեջ վարչության վրա ճնշում է եղել՝ թուրքական նոր հյուպատոսության շահագործման վկայականի հետաձգումից հետո:

ԱՄՆ-ի Նյու Յորքի հարավային շրջանի դատախազության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից:

Ադամսին դեռ չեն մեղադրել ապօրինի իրավախախտումների մեջ, և նա հայտարարել է, որ թաքցնելու ոչինչ չունի:

Ադամսի փաստաբան Բրենդան Մակգուայրը հայտարարել է, որ Նյու Յորքի քաղաքապետը մշտապես զեկուցել է Թուրքիա պաշտոնական ուղևորությունների մասին և ոչ մի ապօրինի արտոնությունից չի օգտվել՝ ինչ-որ բանի դիմաց: Շահարկումները ապացույց չեն: Իրենք հուսով են, որ հետաքննությունն արդար կլինի և ժամանակին կավարտվի: