Ղազախստանում մարտին սկսված զանգվածային ջրհեղեղները դարձել են հանրապետության ամենամեծ բնական աղետը՝ վերջին 80 տարվա ընթացքում։ Դրա մասին ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում ասել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։

«Տեղի է ունեցել տարերային աղետ, որի նմանը երկար տարիներ չի եղել։ Սա, թերևս, մասշտաբների և ազդեցության առումով ամենամեծ աղետն է վերջին 80 և ավելի տարիների ընթացքում»,- ըստ ТАСС-ի՝ ասել է Տոկաևը:

Ղազախստանի նախագահը նշել է, որ ջրհեղեղների պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել երկրի տասը՝ Աբայ, Ակմոլա, Ակտոբե, Ատիրաու, Արևմտյան Ղազախստան, Կարագանդա, Կոստանայ, Պավլոդար, Հյուսիսային Ղազախստան և Ուլիտաու շրջաններում։

Երկրի նախագահը նշել է, որ իր դիտողություններից և հանձնարարականներից հետո կառավարությունն ակտիվացրել է ջրհեղեղի հետևանքները նվազեցնելու ուղղությամբ ջանքերը և ձեռնարկում է համապատասխան միջոցներ։ Տոկաևը պարզաբանել է, որ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է հանրապետական շտաբ: Տուժած շրջաններ են այցելում և՛ կառավարության ղեկավարը, և՛ նրա տեղակալները, և՛ Արտակարգ իրավիճակների նախարարը: