Այսօր` նոյեմբերի 12-ի վաղ առավոտից Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի ջրի հիմնախնդրի լուծմանն ու Հայաստանի գյուղերի զարգացմանն ուղղված մարաթոն-դրամահավաքը: Սա շարունակությունն է սփյուռքում այս նույն նպատակի համար կազմակերպված դրամահավաքի: Գումարային կոնկրետ որևէ չափ չկա, դրամահավաքը, ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց պատասխանատու քարտուղար Մայիս Խաչատրյանը, կամավոր հիմունքներով է, ու առաջնային ոչ թե գումարի չափն է, այլ բարեգործության սկզբունքը, գիտակցաբար մասնակցությունը:
Մարաթոն-դրամահավաքին իրենց մասնակցությունն են ցուցաբերում անհատ քաղաքացիներ, առանձին կազմակերպություններ, հաստատություններ, կրթօջախներ, բուհեր, որոշ գործարարներ ու համայնքներ: Ընդ որում, համայնքների մասնակցությունից դրամահավաքի պատասխանատու անդամները հայտնեցին իրենց դժգոհությունը, հենց Մայիս Խաչատրյանն էլ փաստեց, որ որպես համայնք միայն Վանաձորն է ակտիվ մասնակցություն ցուցաբերում, մնացած 112 համայնքները չափազանց պասիվ են: Գյուղապետերը դրամահավաքին իրենց չմասնակցելը պատճառաբանում են այն փաստով, որ ոչ մի գյուղացի կամավոր գումարներ չի տա Ղարաբաղում ջրի խնդրի լուծման համար այն դեպքում, երբ հենց իրենք չունեն խմելու ու ոռոգման ջուր: Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստեց, որ իրենք կոնկրետ որևէ գումարային չափ չեն սահմանել, բայց ամեն տարի, Լոռին գումարային նվիրատվության մեծ ցուցանիշ է գրանցում: Մեր զրույցի ժամանակ, որպես ամենախոշոր գումարային ներդրում ներկայացվեց Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի աշխատակազմի նվիրատվությունը, որ կազմում էր 307 հազար դրամ, երկրորդ ցուցանիշ նշվեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ներդրումը`260 հազար դրամի չափով: Ի դեպ, դրամահավաքի պատասխանատուները նշում են, որ այս տարի առավել ակտիվություն է նկատվում դրամատուների շրջանում: Մարաթոն-դրամահավաքը կշարունակվի այսօր ողջ օրվա ընթացքում:




























