Սննդի անվտանգության պետական ծառայությունը 1243 խանութներում օգոստոսի 15-սեպտեմբերի 30-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերել են մակնշման 574 խախտումներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  ասաց Գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Բաբկեն Պիպոյանը`  հավելելով, որ հնարավոր է, որ նույն ապրանքը սխալ մակնշմամբ լինի տարբեր խանութներում:

Արձանագրված խախտումների մասին ծառայությունը տեղեկացրել է սեփականատերերին, բայց չեն տուգանել, քանի որ դա մշտադիտարկման մեջ չի մտնում: Բաբկեն Պիպոյանի խոսքով` տուգանքները նշանակվում են ստուգումներից հետո, որոնք այժմ ընթանում են: Ինչ վերաբերում է ապրանքների ժամկետներին, ապա Հայաստանի տարբեր քաղաքների խանութներում 206 ժամկետանց ապրանք է հայտնաբերվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սպառողներին խորհուրդ չի տրվում գնել ապրանքներ, որոնց մակնշումը թերի է կամ սխալ, այլապես վատ հետեւանքներից հնարավոր չի լինի խուսափել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Բաբկեն Պիպոյանը նշել էր, որ ապրանքը տրամադրվում է խանութին եւ որեւէ մեկի մտքով չի անցնում, որ կարող է մակնշումը սխալ լինել: Իսկ թե որն է ճիշտ մակնշումը, Բ. Պիպոյանը նշել էր, որ նախեւառաջ ապրանքի բաղադրությունը նշված պետք է լինի հայերենով, իսկ եթե օտար լեզվով է, ապա պետք է լինի համարժեք թարգմանություն: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա ապրանքի վրա կամ պետք է լինի երկու ամսաթիվ, որոնցից մեկը կվերաբերի արտադրությանը եւ մյուսը` պիտանելիությանը, կամ էլ պետք է նշվի արտադրության օրը եւ թե քանի օր է այն պիտանի: «Եթե նշված է, որ պիտանի է 180 օր, արտադրության օրը` տես տուփի վրա, այդ դեպքում, որեւէ խախտում չկա, իսկ եթե չի նշվում, որ կոնկրետ ինչին է վերաբերում այդ ամսաթիվը, ապա այդ դեպքում խախտում է»,- ասել էր նա: Մակնշման կանոնների խախտման դեպքում, ըստ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի, առավելագույն տուգանքը 100 հազար դրամ  է: