Ֆրանսիայի Վենդեա նահանգի կենտրոնը հանդիսացող Ֆոնտենե-լը-Կոնտ (Fontenay-le-Comte) քաղաքի Maison Billaud սրահում, նոյեմբերի 12-ին, բացվել է Ժան-Միշել Բերցի  «Հայաստանի լույսը» խորագրով ֆոտոցուցահանդեսը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառումը նվիրված է եղել Հայաստանի անկախության 20-ամյակին, որը նախաձեռնել էր Վանդեա-Հայաստան ընկերությունը (նախագահ Ֆրանսուազ Գովցյան):   Ֆոտոցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆոնտենե-լը-Կոնտի քաղաքապետ Հյուգ Ֆուրաժը (Hugues Fourage):

Ցուցահանդեսի բացման արարողությանը նախորդած կարճատեւ հանդիպման ընթացքում դեսպանը քաղաքապետին տեղեկացրել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հարուստ փորձի մասին եւ ցանկություն հայտնել, որպեսզի Ֆոնտենե-լը-Կոնտը եւս միանա Հայաստանի հետ համագործակցության կապեր հաստատած ֆրանսիական 30 քաղաքներին ու շրջաններին:

Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցել են Վանդեա նահանգի Գլխավոր Խորհրդի նախագահ, Սենատոր Բրունո Ռետայոն (Bruno Retailleau) եւ փոխնախագահ, Ֆրանսիայի Ազգային  Ժողովում Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական խմբի անդամ Դոմինիկ Սուշեն: Ելույթներով հանդես են եկել ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Բրունո Ռետայոն, Դոմինիկ Սուշեն եւ  Վանդեա-Հայաստան ընկերության նախագահ Ֆրանսուազ Գովցյանը:

Հայաստանի դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին Վանդեայի եւ Հայաստանի միջեւ փոխշահավետ ապակենտրոնացված համագործակցությունը կշարունակի զարգանալ եւ ընդլայնվել: 

Վանդեայի նահանգը Գլխավոր խորհրդի նախորդ նախագահ Ֆիլիպ դը Վիլիեի օրոք ակտիվ համագործակցության կապեր է հաստատել Հայաստանի հետ: Մասնավորապես, ամեն տարի  Վանդեայի ձեռնարկություններն  ուսումնական պրակտիկայի նպատակով հյուրընկալում են Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ուսանողներին: Համագործակցություն էր սկսվել նաեւ ՀՀ մշակույթի նախարարության հետ` Հայաստանի պատմա-մշակութային հուշարձաններից մեկի արժեւորման ծրագիր իրականացնելու նպատակով: