Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, այսօր` նոյեմբերի 15-ին, լսվել է Հայաստանում ֆիզիկական առողջության պաշտպանման կենտրոնի տնօրեն, պաշտպանության նախարարի խորհրդական Բենիկ Հարությունյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Սակայն նախնական դատական նիստը բավականին կարճ է  տեւել:

Պատճառն այն էր, որ հայցվոր կողմը, ի դեմս Բենիկ Հարությունյանը, չի ստացել հայցադիմումի պատասխանը, քանի որ նա հայցում նշված հասցեում (Հրազդան քաղաք) չի բնակվում: Հայցադիմումը հետ է եկել` գրությամբ, որ Հարությունյանը բնակվում է Երեւանում: Այս պատճառով դատավոր Ափինյանը որոշեց հետաձգել «Ժողովուրդ»-ի դեմ ներկայացված հայցով դատական նիստը` տեղափոխելով այն նոյեմբերի 29-ին ժամը 10.00-ին:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ն իր սեպտեմբերի 9-ի համարում (N151) հրապարակել էր հոդված «Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» վերտառությամբ, որտեղ ներկայացրել էր ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանի եւ նրա գործընկեր Արմեն Ասրյանի խոսքերը, որոնք պատմել են, թե ինչպես է Հարությունյանն իրենցից վերցրել 294 հազար ԱՄՆ դոլար ու չի վերադարձնում: Թեեւ հրապարակման մեջ ներկայացված է նաեւ Բենիկ Հարությունյանի եւ իր փաստաբանի խոսքը, այնուամենայնիվ, ՀՀ ՊՆ խորհրդականը որոշել է վիրավորվել «Ժողովուրդ» օրաթերթից` պահանջելով 2.2 միլիոն դրամ: