Այսօր` նոյեմբերի 15-ին դադարեցվել է Նոր Նորքի 1, 2, 4, 5, 8 զանգվածների` ամբողջությամբ, մասամբ 9-րդ զանգվածի, Ջրվեժի Ա, Բ, Մայակ, Բանավան եւ Բագրեւանդ թաղամասերի, Ջրվեժ գյուղի, ինչպես նաեւ Ավանի Չարենց, Դուրյան, Խուդյակով թաղամասերի մի շարք հատվածների ջրամատակարարումը:
«Երեւան Ջուր» ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատճառը Կաթնաղբյուր-Երեւան թիվ 4 մայրուղային ջրատարի վթարն է, որը տեղի է ունեցել Բալահովիտից ոչ հեռու: Ըստ նախնական տվյալների, մի կազմակերպություն հարակից տարածքում գտնվող շինանյութի հանքի համար ջրագիծ կառուցելու նպատակով խրամուղի է փորել դեպի Կաթնաղբյուր-Երեւան թիվ 3 ջրատարը, սակայն դեռեւս չպարզված պատճառներով վնասել է հարեւանությամբ գտնվող թիվ 4 ջրատարը, որով վայրկյանում 400 լիտր ջուր էր մատակարարվում նշված տարածքներին:
Ներկայումս տվյալ ջրատարի շահագործումը դադարեցվել է: «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն շինարարություն իրականացնող կազմակերպության օգնությամբ ձեռնարկում է միջոցներ ջրատարը վերանորոգելու եւ արդեն նոյեմբերի 16-ի երեկոյան նշված տարածքներում ջրամատակարարման գործող ժամանակացույցը վերականգնելու նպատակով:


























