Ինչո՞ւ պետք է Հայաստանում արգելվի միայն «Ուրբաթ Քեոսայանի հետ» կամ Սոլովյովի հաղորդումը, բայց ոչ Կիսելյովինը, որում հակահայկական քարոզ կա Հայաստանի պետականության, իշխանության վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, Ազգային ժողովի՝ ապրիլի 30-ի նիստին ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությամբ պատգամավոր Սոնա Ղազարյանը։

«Ես լսեցի Ձեր դիտարկումը «Ուրբաթ Քյոսայանի հետ», թե Սոլովյովի հաղորդման վերաբերյալ, բայց օրինակ լրագրողական համայնքը ինձ հարց էր ուղղել, թե ինչու միայն այս երկու հաղորդումները և ոչ, օրինակ, Կիսելյովի հաղորդումը, որտեղ ևս հնչում է բավականին հակահայկական քարոզ հայ ազգի պետականության, ընտրված իշխանության վերաբերյալ»,- ասաց պատգամավորը։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշեց, որ այստեղ երկու խնդիր կա. «Ռադիո Սպուտնիկի «Տոսպան», քանի որ տեղական, մեր կողմից լիցենզավորված կազմակերպություն է մենք լիակատար գործիքակազմ ունենք այդ բովանդակության դեմ պայքարելու, ինչը արեցինք և 30 օրով փակեցինք, որը նախադեպ չուներ»,- ասաց նա։

Ինչը կապված է հեռուստաընկերությունների հետ, Հակոբյանը նշեց, որ դրանք գործում են համաձայն միջկառավարական պայմանագրի և այստեղ հանձնաժողովի գործիքակազմերը և լիազորությունները միայն մշտադիտարկման արդյունքում տեղեկանք կազմելն ու ուղարկելն է ԲՏԱ նախարարություն, ինչն իրենք պարբերաբար անում են։

«Ցավոք, մինչև վերջերս այդ մեր ահազանգերի ու զեկույցների վրա նախարարությունն ուշադրություն չէր դարձնում։ Հիմա նախարարությունն արդեն քայլեր է ձեռնարկում, աշխատում  է ռուսական կողմի հետ և շուտով Սոլովյովի հաղորդման փոխարեն կլինի ինչ-որ ռուսական բովանդակություն՝ մշակութային կամ գեղարվեստական և Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ»,- ասաց նա և հավելեց, որ միջկառավարական պայմանագիրը բավականին չմշակված է, հում է, և շատ լծակներ հայկական կողմին չեն տալիս:

Սակայն, ըստ ՀՌՀ նախագահի, դա խնդիրը չի լուծում, որովհետև բացի հանրային մուլտիպլեքսից կան նաև կաբելային ալիքներ, որտեղ դա անխափան գնում է։

«Ես չէի օգտագործի «հակահայկական» եզրույթը, դա շատ հեղհեղուկ եզրույթ է: Մենք պետք է խոսենք ՀՀ օրենսդրության խախտման դեպքերի մասին: Նրանք ի՞նչն են խախտում. բռնության կոչեր են տարածվում, պատերազմի հրահրում: Լուծումներից մեկն այն է, որ վերանայվի գործող պայմանագիրը: Երբ ունենանք տեսալսողական մեդիայի խմբագրված օրենքը, պետք է բացառվի օտար հեռարձակողների լինելը մեր հանրային մուլտիպլեքսում»,-ասաց Տիգրան Հակոբյանը: