Հեղեղումների եւ սողանքների պատճառով ինդոնեզական Սուլավեսի կղզում զոհվել է 14 մարդ, տեղեկացրել է АР-ը՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին։
Հորդ անձրեւները, որոնք շարունակվել են հինգշաբթի օրվանից, առաջ են բերել սողանք Լուվու շրջանում (Հարավային Սուլավեսի), տեղեկացրել է տեղի փրկարար ծառայության պետ Մեքսիանուս Բեկաբելը։
Հեղեղաջրերի բարձրությունը հասել է 3 մետրի 13 շրջաններում, ջուրն ու ցեխը ծածկել են տարածքը։ Տուժել է ավելի քան 1 000 տուն, դրանցից 42-ը հիմքից խախտվել է։
Որոնողափրկարարական խումբը տարհանել է բնակիչներին ռետինե նավակներով եւ այլ միջոցներով։ Ավելի քան 100 բնակիչ տեղավորվել է մզկիթում կամ ազգականների տներում՝ տուժած շրջանի սահմաններից դուրս, շաբաթ տեղեկացրել է տարերային աղետների կառավարման ազգային գործակալության ներկայացուցիչ Աբդուլ Մուհարին։
Սեզոնային անձրեւները հաճախ են սողանքներ եւ հեղեղումներ առաջացնում Ինդոնեզիայում, որտեղ միլիոնավոր մարդիկ ապրում են լեռնային շրջաններում։
Ապրիլին հորդ անձրեւներն առաջացրել են սողանքներ եւ հանգեցրել 20 մարդու մահվան Թանա Թորաջա շրջանում (Հարավային Սուլավեսի)։


























