Անկառավարելի ուղեւորը, որը «ֆիզիկական ագրեսիվություն» է ցուցաբերել անցած ամիս թռիչքի ժամանակ, տուգանվել է. դատարանի վճռով նա պետք է 20 000 դոլար վճարի United Airlines ավիաընկերությանը, տեղեկացրել է NBC News-ը՝ հղում կատարելով դատական փաստաթղթերին։
Ալեքսանդր Մայքլ Դոմինիկ Մակդոնալդը 883 չվերթի ինքնաթիռում էր, որը մարտի 1-ին Նյուարքից մեկնում էր Լոնդոն, երբ անձնակազմի անդամներից մեկը լսել է, թե ինչպես է նա բարձր վիճում իր ընկերուհու հետ։ Նրան խնդրել են ցածր խոսել, եւ նա ենթարկվել է, բայց մի քանի րոպե հետո լսվել է, թե ինչպես է նա բղավում ուղեկցորդուհու վրա։
Պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել Մակդոնալդի եւ ուղեկցորդուհու միջեւ՝ նախքան նրա բղավելը։
Փաստաթղթերում ասվում է, որ ուղեկցորդուհու եւ Մակդոնալդի միջեւ կանգնել է անձնակազմի անդամը եւ փորձել հանգստացնել տղամարդուն։ Բողոքի համաձայն՝ Մակդոնալդը «շարունակել է բանավոր եւ ֆիզիկական ագրեսիան»՝ անձնակազմի անդամին հարցնելով, թե «արդյոք նա ցանկանում է խնդիրներ ունենալ»։
Մակդոնալդին նաեւ մեղադրում են այն բանում, որ նա սպառնացել է «փչացնել ինքնաթիռը» եւ հարձակվել է անձնակազմի անդամի վրա։
Դատական փաստաթղթերի համաձայն՝ ի վերջո ուղեւորին կապել են ճկուն ձեռնակապերով մեկ այլ ուղեւորի օգնությամբ, բայց նա շարունակել է իրեն «անհնազանդ» պահել՝ հրաժարվելով նստած մնալ անձնակազմի հանգստի նստարանին, որտեղ նրան նստեցրել էին։



























