Հնագետները եւ Մեծ Բրիտանիայում պեղումների հին հռոմեական տեղամասում կամավոր պեղումներ կատարողները հայտնաբերել են հանելուկային մանուշակագույն գունդ։

Պարզվել է, որ դա «անհավանական հազվադեպ» նյութ է, որը մի ժամանակ ոսկուց թանկ է արժեցել, գրել է Miami Herald-ը։

Պեղումները կառավարող Wardell Armstrong ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ գունդը հայտնաբերվել է 1700-ամյա հռոմեական բաղնիսի ջրափողում, Քարլայլի կրիկետի ակումբի տարածքում։

Հնագետները գտածոն ուղարկել են լաբորատորիա՝ հետագա վերլուծության համար։

Վերլուծությունը ցույց է տվել, որ դա Տիրիայի ծիրանագույն ներկանյութի հազվադեպ կտոր է, որը հայտնի է նաեւ որպես կայսերական ծիրանի։

«Հազարամյակներ շարունակ Տիրիայի ծիրանին ամենաթանկ եւ պահանջված գույնն է եղել աշխարհում»,- ասել է նախագծի առաջատար հնագետ Ֆրենկ Ջիկոն։