Բեռլինի ֆինանսների նախարարությունը կրկին առաջարկել է հանձնել լճափնյա առանձնատունը, որը կառուցվել է նացիստական քարոզչության ղեկավար Յոզեֆ Գեբելսի համար՝ վերջին անգամ փորձելով խուսափել դրա քանդումից, հայտնում է DW-ն։
Բեռլինի ֆինանսների նախարար Շտեֆան Էվերսը հայտարարել է, որ առանձնատունը կարող է անվճար օգտագործման տրվել ցանկացած մեկին, ով կստանձնի դրա պահպանումը։
«Եթե մենք կրկին ձախողվենք, ինչպես անցյալ տասնամյակներում, ապա Բեռլինը այլ ելք չի ունենա, քան իրականացնել դրա քանդումը, որին մենք արդեն պատրաստվել ենք», - ավելացրել է նա:
Առանձնատունը կառուցվել է Գեբելսի համար Բեռլինի մերձակայքում գտնվող 17 հեկտար հողատարածքում, որը քաղաքը նրան է նվիրել 1936 թվականին։
Նացիստական քարոզչության նախկին ղեկավարն այն օգտագործել է որպես ապաստան Բեռլինում ապրող իր կնոջից և վեց երեխաներից։ Նացիստների առաջնորդների, արվեստագետների և դերասանների համար զվարճանքներին զուգահեռ, Գեբելսն առանձնատունն օգտագործել է որպես սիրո բույն իր բազմաթիվ գաղտնի սիրային կապերի համար:
Այն բանից հետո, երբ նա և իր կինը 1945 թվականին ինքնասպան եղան իրենց երեխաների հետ Բեռլինի բունկերում, առանձնատունը կարճ ժամանակով օգտագործվեց որպես զինվորական հոսպիտալ, այնուհետև վերածվեց Արևելյան Գերմանիայի կոմունիստական կուսակցության երիտասարդական թևի կենտրոնակայանի:
Բեռլինի պատի անկումից հետո այն տասը տարի օգտագործվել է տարբեր նպատակներով, իսկ հետո գործնականում լքվել է։ Դրա պահպանումն ու վերանորոգումը բեռ են դարձել Բեռլինի հողի և դաշնային կառավարության համար։





























