Ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա համեմունք Նյու Դելիի հարավ-արեւելքի երկու ձեռնարկություններում։ Այս մասին տեղեկացրել է The Times of India թերթը։
Կեղծված համեմունքների արտադրության ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ, ինպես նաեւ արգելված նյութեր, որոնք սպառնալիք են ներկայացրել օգտագործողների առողջության համար։ Ձեռնարկատերերը եւ համեմունքներ վաճառողը ձերբակալված են։
Մայիսի սկզբից Հնդկաստանի սննդամթերքների անվտանգության եւ չափորոշիչների վարչությունն իրականացնում է բոլոր ազգային բրենդների համեմունքների նմուշների ընտրովի ստուգում։ Վնասակար նյութերի առկայության ստուգումներն սկսվել են այն բանից հետո, երբ հնդկական երկու ընկերությունների համեմունքներն արգելվել են Հոնկոնգում եւ Սինգապուրում։ Հնդկաստանի համեմունքների խորհուրդը հայտնել է, որ «զբաղվում է մի շարք հնդկական ընկերությունների արտադրության համեմունքների որակի հարցի քննությամբ»։
Հոնկոնգը եւ Սինգապուրը մինչ այդ արգելել էին հնդկական հանրահայտ MDH եւ Everest բրենդների չորս տեսակի համեմունքների վաճառքը, որոնք ենթադրաբար պարունակում են էթիլենի օքսիդ պեստիցիդը այն քանակությամբ, որը զգալիորեն գերազանցում է թույլատրելի նորմը։ Հոնկոնգի իշխանությունները առեւտրային ցանցերին կարգադրել են անհապաղ դադարեցնել այդ մթերքների վաճառքը։ Սինգապուրյան մթերային գործակալությունները եւս կարգադրել են հանել այդ համեմունքները վաճառքից։ ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ խոսքը MDH ընկերության պատրաստի խառնուրդների մասին է՝ հնդկական խոհանոցի Madras Curry Powder, Sambhar Masala Mixed Powder, Curry Mixed Masala Powder պատրաստման համար, ինչպես նաեւ Everest ընկերության Fish Curry Masala խառնուրդի մասին։





























