Լիտվայում, Կլայպեդայից ոչ հեռու օդապարիկը կորցրել է կառավարումն ու ընկել տների վրա, տուժել է յոթ մարդ, տեղեկացրել է LRT-ն։

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, Կլայպեդայից հարավ, Շիլուտի շրջանում, Կալինինգրադի մարզի հետ սահմանից ոչ հեռու։

Ժամը մոտ 20.30-ին օդապարիկը, որի վրա յոթ մարդ կար, կորցրել է կառավարումը եւ ընկել գյուղի տարածքում՝ վնասելով տներ եւ էլեկտրագծեր։ Արդյունքում՝ օդապարիկը մնացել է ծառերից կախված։

Ենթադրում են, որ պատճառը կարող էր լինել քամու անսպասելի փոփոխությունը։

Ուղեւորներին եւ օդաչուին (7 հոգի, 15-61 տարեկան) հոսպիտալացրել են տարբեր ծանրության վնասվածքներով, նրանցից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են։

Օդապարիկը վարում էր 38-ամյա մի կին, նրան անվանում են փորձառու եւ պրոֆեսիոնալ օդաչու, նա բազմիցս մասնակցել է տարբեր մրցումների։