Երկուշաբթի Պերուի հարավ-արեւելքում շրջվել է ուղեւորատար ավտոբուս, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 11 մարդ, մի քանիսը վնասվածքներ են ստացել։ Այս մասին տեղեկացրել է տեղի Andina լրատվական գործակալությունը։

Նրա տեղեկացմամբ՝ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Պունո դեպարտամենտի Սանտա Ռոսա մունիցիպալիտետում։ Զոհերի մեջ հնգամսյա մի երեխա կա։ Տուժածները հոսպիտալացվել են։

Ոստիկանությունը սկսել է պատահարի հետաքննությունը։ Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ ավտոբուսի վարորդը գերազանցել է արագությունը։