Կոլումբիական ձախ արմատական  «Ազգային ազատագրության բանակ» (ԱԱԲ) ապստամբական խմբավորումը մտադիր է վերսկսել փրկագնի նպատակով մարդկանց առեւանգումները իշխանությունների հետ բանակցություններից առաջ, որոնք պետք է տեղի ունենան Վենեսուելայի մայրաքաղաքում։ Այս մասին տեղեկացրել է EFE գործակալությունը։

Ապստամբների կարծիքով՝ Կոլումբիայի կառավարությունը չի կատարում կնքված համաձայնագրերի պայմանները։ Կառավարական պատվիրակությունը նախատեսում է մասնակցել Կարակասում մայիսի 20-25-ին նախատեսված հանդիպմանը։

Անցած տարվա դեկտեմբերին ԱԱԲ-ն խոստացել էր դադարեցնել առեւանգումները բանակցությունների հինգերորդ փուլի արդյունքներով, որը տեղի էր ունեցել Մեխիկոյում։ Դրա սկսվելուց առաջ կառավարական պատվիրակությունը հայտնել էր, որ կողմերը մտադիր են «ջանքերն ուղղել Լուիս Մանուել Դիասի առեւանգմամբ պայմանավորված ճգնաժամի հաղթահարմանը երկխոսության ընթացքում»։ Ապստամբները առեւանգել էին անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի  հարձակվող Լուիս Դիասի հորը հոկտեմբերի վերջին, նոյեմբերի առաջին կեսին նա ազատ էր արձակվել։

ԱԱԲ-ի, որն ստեղծվել է 1964թ., հետ բանակցային գործընթացը շարունակվում է մոտ 10 տարի։ Հավանայում 2024թ. փետրվարին կողմերը պայմանավորվել են երկարացնել հրադադարի ռեժիմը մինչեւ օգոստոս։