Երեւանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի «Ուսանողական գիտական ընկերությունը» (ՈւԳԸ) մաթեմատիկայի փորձնական թեսթ է կազմակերպում դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար:
Ինչպես այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՈւԳԸ անդամ Արսեն Սարգսյանը՝ ուսանողական ընկերության նպատակն է թեստերի միջոցով աշակերտներին առերեսել իրենց ստացած գիտելիքների հետ, ինչպես նաեւ ստուգել ընդունելության քննություններին նրանց պատրաստվածության աստիճանը։ «Երբ ես պետք է ընդունվեի համալսարան, շատ էի ցանկանում, որ փորձնական քննության նման մի հնարավորություն լինի, որ ինքս հասկանայի ընդունելության քննությանն իմ պատրաստվածության աստիճանը։ Սակայն չորս տարի առաջ այդ հնարավորությունը չկար։ Հիմա մենք ցանկանում ենք նման հնարավորություն տալ ապագա ուսանողներին»,- ասաց նա։
Ըստ Արսենի՝ թեստը որոշ պատասխաներ կտա նաեւ դպրոցների ապահոված որակի մասին։ «Եթե աշակերտները այժմ վատ արդյունքներ ապահովեն, իսկ հետո, իսկական քննության ժամանակ լավ, ապա դա կնշանակի, որ աշակերտը կամ այդ ժամանակահատվածում ինքն է պարապել, կամ կրկնուսույցի մոտ է պարապել։ Այսինքն՝ կնշանակի, որ դպրոցում լավ չեն հետեւում աշակերտի պատրաստվածության վիճակին»,-նշեց Արսենը՝ ավելացնելով, որ թեստերը կազմել են ՈւԳԸ անդամները։
Տեղեկացնենք, որ քննության մասնակցության գրանցման համար կարելի է զանգահարել 055 042 284 հեռախոսահամարով:




























