Կարկուտի պատճառով բերք չի մնացել, էդ այգիներում 50-60 տոննա բերք կունենայի մոտավորապես, բացի այդ վախենում եմ, որ ծառերը կչորանան, որովհետև կեղևը լրիվ վնասվել է: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ Արգիշտի Գասպարյանը՝ խոսելով մայիսի 7-ին տեղացած կարկուտի պատճառած վնասների մասին:

«Մեր գյուղն էդ այգիներով ա ապրում: Գյուղատնտեսական վարկ էինք վերցրել, նոր այգիներ էինք հիմնել, պարտքով դեղ ու սիլիտրա գնել: Էսօր մենք սենց խնդրի առաջ ենք կանգնել, ահավոր վիճակ ա: Կարկուտը 20 սմ նստել էր»,-ասաց նա:

«Բա որ պետությունը ոչ մի բանով չօգնի, մենք ի՞նչ կանենք: Գյուղացին միշտ էլ տուժում ա, էդքան տանջվում, չարչարվում ենք, ու վերջը սենց ա լինում»,-ասաց Արգիշտի Գասպարյանը՝ հույս հայտնելով, որ կառավարությունը միայնակ չի թողնի իրենց և ինչ-որ չափով կփոխհատուցի վնասը:

Օհանավանի վարչական ղեկավար Էդգար Հայրապետյանը նույնպես հույս ունի, որ գյուղացիները կառավարությունից փոխհատուցում կստանան, սակայն ասում է՝ եղել են տարիներ, երբ  կարկուտը մերկացրել է այգիները, սակայն բնակիչները կառավարությունից աջակցություն չեն ստացել:

«Կարկուտը համատարած չի տեղացել, բայց  հատվածներ կան, որտեղ այգիները 90 տոկոսով վնասված են: Հիմնականում խնձորի այգիներն են վնասվել»,-ասաց Էդգար Հայրապետյանը՝ հավելելով, որ գյուղացիները հուսահատված են, և չգիտեն՝ ի՞նչ են անելու:

ImportedPhoto.736848193.417588.jpeg (156 KB)

ImportedPhoto.736848193.418693.jpeg (141 KB)

ImportedPhoto.736848193.423024.jpeg (143 KB)