ԱՄՆ  դաշնային շրջանի դատավոր Այլին Քենոնը որոշում է ընդունել անորոշ ժամանակով հետաձգել գաղտնի փաստաթղթերի գործով Դոնալդ Թրամփի դատավարությունը։ Ըստ BBC-ի՝ հիմա դատավորությունը ​​դժվար թե սկսվի այս տարվա նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։

Ֆլորիդայի Հարավային շրջանի դաշնային շրջանային դատարանի դատավորը հայտարարել  է, որ նախքան ապացույցների վերաբերյալ կարևոր հարցերը լուծելը նիստը նշանակելն անշրջահայաց քայլ կլինի:

 Գաղտնի փաստաթղթերի գործը ԱՄՆ նախկին նախագահի դեմ հարուցված չորս քրեական գործերից մեկն է։ Տվյալ գործով դատախազները Դոնալդ Թրամփին մեղադրում են Ֆլորիդայի իր Մար-ա-Լագոյի կալվածքում ապօրինի կերպով գաղտնի փաստաթղթեր պահելու, ինչպես նաև սուտ ցուցմունք տալու և հետաքննությանը խոչընդոտելու մեջ:

 Նախնական վարույթի ընթացքում Թրամփի փաստաբաններն ու դատախազները շատ են բանավիճել, մասնավորապես, թե գաղտնի փաստաթղթերից որ մեկը կարող է դատարան ներկայացվել իբրև իրեղեն ապացույց։

Դատավարության մեկնարկը նշանակված էր մայիսի 20-ին, սակայն դատավոր Քենոնն այժմ չեղարկել է այն և նոր ժամկետ էլ չի նշանակել։ Փոխարենը, նա, ներառյալ՝ հուլիսի վերջին նշանակել է մի քանի նոր նախնական լսումներ։

Լուրջ կասկածները, որ դատավարությունն իրականում կսկսվի մայիսի 20-ին ի հայտ  են եկել շատ վաղուց, քանի որ նախնական դատավարությունը շատ դանդաղ էր ընթանում։ Որոշ ամերիկացի քաղաքական մեկնաբաններ կասկածներ են հայտնել, որ հաճախ Թրամփի և նրա փաստաբանների կողմն անցած դատավոր Քենոնը միտումնավոր հետաձգում է իրեն նշանակած նախկին նախագահի դատավարության մեկնարկը։

Թրամփի փաստաբաններն առաջարկել են դատավարությունն անցկացնել նախագահական ընտրություններից հետո, երբ Թրամփն, ամենայն հավանականությամբ, կրկին դուրս կգա Ջո Բայդենի դեմ։ Դատախազները հասել են նրան, որ դատավարությունն արդեն այս տարի անցկացվի:

Նախկին նախագահի հետ միասին այս գործով մեղադրյալներն են նրա օգնական Ուոլթ Նաուտան և Մար-ա-Լագոյի գույքի մենեջեր Կառլոս դե Օլիվեյրան, որոնք միանշամակորեն հերքում են մեղադրանքները։

Չորս քրեական մեղադրանքների դեմ պայքարող Դոնալդ Թրամփը միաժամանակ ձգտում է Գերագույն դատարանին ստիպել ընդունելու,  որ ինքը՝ իբրև նախագահ, քրեական հետապնդումների հանդեպ օժտված է անձեռնմխելիությամբ: