Հայաստանում ընթանում են Եվրոպայի օրերը։ Օրերը սկսվել են մայիսի 10-ին «Եվրոպան մենք ենք» ֆոտոցուցահանդեսի բացմամբ, որին նախորդել է ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի և ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի ասուլիսը։
Այս տարի տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև հունիսի 7-ը՝ ընդգրկելով մայրաքաղաքն ու մարզերը։ ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, թե մշակութային և տեղեկատվական միջոցառումների նպատակն է՝ ցույց տալ Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորությունը։
Եվրոպական օրերի շրջանակում Լոռիում տեղի կունենա տեղեկատվական տոնավաճառ և համերգ։ Մայիսի 23-ին Գորիսում ևս տեղի կունենա տեղեկատվական տոնավաճառ, որտեղ այցելուները հնարավորություն կունենան ավելին իմանալու ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին։
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մայիսի 29-ից հունիսի 7-ը Երևանում՝ Կինոյի տանը և Հենրիկ Մալյանի անվան թատրոնում կազմակերպում է Եվրոպական ֆիլմերի փառատոն։ Այս տարի փառատոնին ներկայացված է 23 ֆիլմ Բելգիայից, Պորտուգալիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Շվեդիայից, Իսպանիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Իտալիայից, Կիպրոսից, Հունաստանից, Նիդեռլանդներից, Ուկրաինայից, Ֆինլանդիայից, Մալթայից, Դանիայից և Հայաստանից:





























