Ամփոփվել են Սևանա լճի հանրային 6 լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթին ներկայացված հայտերը: Այս մասին NEWS.am-ին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: 

Մրցութային հայտերը քննելու նպատակով ձևավորված հանձնաժողովը նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ քննել է յուրաքանչյուր լոտի համար ներկայացված ներդրումային ծրագիր-նախագծերը։

Հանձնաժողովի անդամների և դիմումատուների ներկայությամբ բացվել են ծրագրերի փաթեթները, որոնք ներկայացվել էին սոսնձված և փակ ծրարներով։ 

Հանձնաժողովը դիտարկել է դրանցից յուրաքանչյուրի համապատասխանությունը մրցույթի համար նախապես ներկայացված չափորոշիչներին։ 

Դրանք էին՝ 

համապատասխանությունը մրցույթի կարգով սահմանված պահանջներին և պայմաններին. 

առաջարկվող բարձր վճարի չափը. 

օբյեկտի կարճ ժամանակում շահագործման հնարավորությունը (իրատեսական ժամկետը). 

ներդրումների չափը (ֆինանսական երաշխիքների առկայությունը). 

նախատեսվող գործունեության կայունությունը (շարունակականությունը). 

սոցիալ-տնտեսական բաղադրիչ (ստեղծվող աշխատատեղերի թիվը. ազդեցությունը տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա). 

ռիսկերի գնահատումը և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների առկայությունը։ 

Հաղթող է ճանաչվել համար 1 և 3 հանրային լողափերի համար ներկայացված ծրագիրը։ 

Լողափերը գործում են 2012 թվականից, մեծ պահանջարկ ունեն հանգստացողների շրջանում, բարեկարգված և մասնակիորեն կահավորված են, ունեն ավազային ափ, իսկ ջրի խորությունը աստիճանական է։ 

Գտնվելու վայրը՝ Սևան քաղաքին հարակից ափամերձ հատված (0.94605 հա գտնվում է 1905․0 մ բացարձակ նիշից բարձր)։