Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում, այսօր` նոյեմբերի 17-ին, Ուսանողության միջազգային օրվան նվիրված տոնական համերգ է կայացել, որին մասնակցել է նաեւ Պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ներկա են եղել համալսարանի կառավարման խորհրդի անդամները, ԱԺ պատգամավորներ:

Համերգի սկզբում հայտարարվել է Մանկավարժական համալսարանի 2011 թվականի լավագույն ուսանողի անունը` Հոգեբանության եւ սոցիալական մանկավարժության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Սառա Վանյան: Նրան համալսարանն ընձեռել է Լոնդոն մեկնելու եւ երկշաբաթյա ուսումնական ծրագրի մասնակցելու հնարավորություն:

Իսկ ֆակուլտետների լավագույն ուսանողները, 9 հոգի, կմեկնեն հանգստի` Կարմիր Ծովի ափ, նշանավոր հանգստավայր Շարմ Ալ Շեյխ:

2010 թվականի լավագույն ուսանողը ճանաչված Տաթեւ Ենոքյանը Սառա Վանյանին հանձնել է Համալսարանի լավագույն ուսանողի փոխանցիկ մեդալը:

Ապա միջոցառումը շարունակվել է տոնական համերգով, որի ընթացքում առաջին անգամ հնչել են սիրված երգեր բոլորովին նոր ձեւի եւ ոճի մեջ`սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Հանդես են եկել Լեյլա Սարիբեկյանը, Արամոն, Անդրեն, Միստր Իքսը, Էրիկը եւ Մհերը:

Միջոցառման ավարտին «Մանկավարժական համալսարանի Գարի Քյոսայանի ջազ քառյակը» կատարել է սիրված ջազային ստեղծագործություններ: