Գերագույն գլխավոր հրամանատարի գործը երկրիը պաշտպանելն է, ոչ թե ասելը՝ եթե կռիվ լինի, դուք եք մեղավոր: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, Կիրանցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Եթե չես կարողանում երկիրը պահես, էլ ո՞ւմ ես պետք: Թուրքերը 200 քառակուսի կմ հող եմ մեզնից տարել, գնա մի հատ էդքանը հետ բեր, հետո մտածենք, թե որ քարտեզներով ենք սահմանը գծում: Եթե դու ասում ես՝ սա թուրքին է, բեր, ցույց տուր, թե ինչի հիման վրա ես դա ասում: Ջերմուկն էլ Հայաստանինն է, դրա մասին մտածի:
Մենք որպես ՀՀ քաղաքացի, մեզնից գաղտնիք են պահում, թե մեր սահմանը որտեղո՞վ է անցնում Ասում են՝ գաղտնիք է, ումի՞ց է գաղտնիք, թուրքերը դա ունեն:
1976-1987 թվականների մեզ հող է վերադարձվել: Հիմա հարցնում ենք՝ էդ վերադարձված հողը ո՞րն է, իսկ իրենք գաղտնի են պահում այդ քարտեզը»,-ասաց պատգմավորը:
Նա նկատեց, որ Խորհրդային ժամանակ երկու հանրապետությունների միջեւ սահմանը երկու հանրապետություններն են որոշել, ոչ թե Գլխավոր շտաբը:
«2021 թվականից ադրբեջանցիները Հայաստանի տարածք են մտել նոր ձեւավորված սահմաններից, հին սահմաններից ոչ մի միլիմետր չեն մտել, ու հիմա եթե հին սահմանից ես տարածք տալիս, ճեղք ես առաջացնում:
Փաշինյանն ասում է՝ տանք, որ կռիվ չլինի, տանք, կարող է լավ լինի: Հո կոֆեի բաժակ նայելով չի, որ կարող է լավ լինի, կարող է վատ լինի: Ասում է՝ ես չեմ երաշխավորում: Դրա համար պետք է ասել՝ հերիք է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ շուրջ հինգ ժամ է՝ կիրանցեցիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը: Նրանք դժգոհում են երեկ հրապարակված սահմանազատման արդյունքներից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիների հետ բանակցելու էր եկել Տավուշի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը, որ խորհուրդ էր տալիս ճանապարհը փակելու փոխարեն հանդիպել Տավուշի մարզպետի հետ և ստանալ հուզող հարցերի պատասխանները:
Գյուղացիները հրաժարվեցին բացել ճանապարհը և մարզպետի հետ հանդիպել այլ վայրում, ասելով, որ Հայկ Ղալումյանը կարող է գալ և իրենց հետ հանդիպել հենց ճանապարհի փակ հատվածում: Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները հավաքվել են Կիրանցի գյուղապետարանի մոտ, և քննարկում են հետագա անելիքները:
Նշենք, որ մամուլի տեղեկություններով, այսօր վաղ առավոտից ԱԱԾ–ից եկել են գյուղ՝ հասկանալու համար, թե ըստ քարտեզների՝ բնակիչներից ում տունն է անցնելու Ադրբեջանին։
Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում։ Կիրանցի առավել զգայուն հատվածում սահմանապահները կտեղակայվեն ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման։ Փաշինյանի խոսքով, Կիրանցում կան խնդիրներ, որովհետև կողմերը որդեգրել են «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը։





























