«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) կոչ է անում իր բաժանորդներին ակտիվ մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված ամենամյա հեռուստամարաթոնին: Բարեգործական այս միջոցառմանը կարելի է մասնակցել ֆիքսված կամ բջջային հեռախոսից զանգահարելով 090008000 համարին կամ ուղարկել կարճ հաղորդագրություն 7733 համարին:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընկերության բաժանորդների նվիրատվությունն ընկերությունն ամբողջությամբ կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
«Հեռուստամարաթոն 2011»-ն այս տարի անցկացվում է «Ջուր պարգեւիր, կյանք նվիրիր» կարգախոսի ներքո: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի որոշմամբ այս տարի հավաքագրված բոլոր միջոցները կուղղվեն Լեռնային Ղարաբաղի գյուղական համայնքների ջրամատակարարման խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի գյուղերի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:
Նշենք որ, 2010թ-ին հավաքագրված միջոցներով իրականացվել են աշխատանքներ բարելավելու ջրամատակարարումը Ստեփանակերտում, Մարտունիում, Շուշիում, Բերդաձորում եւ Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղական համայնքներում: Նման աշխատանքներ տարվել են նաեւ Հայաստանի Հանրապետությունում` մասնավորապես Տավուշի մարզի Վազաշեն եւ Այգեհովիտ համայնքներում:



























