Նոյեմբերի 18-19-ին Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա «Հայ գորգագործական մշակույթը» խորագրով հանրապետական գիտաժողով: Այն կանդրադառնա հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման ու արժեւորման հարցում առաջնային նշանակություն ունեցող` ՀՀ թանգարաններում պահվող հայոց ժողովրդական կիրառական, գեղազարդման արվեստին վերաբերող արժեքներին, մասնավորապես գորգերին ու գորգագործությանը` որպես ազգային ինքնության ու ավանդույթների յուրահատուկ կրողների:
Մշակույթի նախարարության եւ Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի նախաձեռնությամբ ընթացող գիտաժողովին կհնչեն երկու տասնյակ զեկուցումներ, այդ թվում մասնակիցները կանդրադառնան հայոց գորգագործական մշակույթի ծագումնաբանության հիմնահարցերին, հայոց ոստայնագործական մշակույթի առանձնահատուկ տեսակի` գոբելենի ծագումնաբանությանը, հայկական զարդարվեստի երկրաչափական մոտիվների ու դրանց արդի կիրառության հարցերին, քննության կառնվի նաեւ ադրբեջանական գորգագործական արվեստի լայնամասշտաբ քարոզչության ու հայկական գորգերը յուրացնելու հավակնությունների հարցը:
Գիտաժողովի օրերին կգործի նաեւ «Գորգն` ինքնության վկայագիր» խորագրով ցուցադրությունը` Հովհ. Շարամբեյանի անվ. ժողովրդական ստեղծագործության կենտրոնի գորգերի հավաքածուից:



























