Արդարատադության նախարարությունը ֆաքսի միջոցով ստացել է մի գրություն, որում փորձ է կատարվում սպառնալ եւ շանտաժի ենթարկել ՀՀ վարչապետին եւ արդարադատության նախարարին:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության պաշտոնական կայքից:

«Ըստ ամենայնի, այդ հաղորդագրությունն ուղարկվել է քաղաքացի Հարություն Առաքելյանի կողմից՝ ակնհայտ սուտ տեղեկություններով:

Մեկնաբանությունները համարում ենք ավելորդ, առաջարկում ենք կարդալ հայտարարության տեքստը՝ ամբողջական կարծիք կազմելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կայքում ներկայացված է Հարություն Առաքելյանի գրությունը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, որում ասվում է.

«Երեկ ինձ հետ խորհրդավոր զրույց ունեցավ Կենտրոնի դատախազ Խաչիկյանը: Ասեմ, որ շատ վատ կազմակերպված «միջոցառում» էր... Հավանաբար չեք պատկերացնում, թե ում հետ գործ ունեք եւ ես ինչերի եմ պատրաստ` եթե 2 օրվա ընթացքում, օրենքի տառին համապատասխան Ձեր ենթակայության տակ գտնվող կառույցի միջոցով օրինական ուժ չստանա ս.թ. հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Համագումարի երկրորդ նիստի որոշումները:

Իմ առաջարկը մնում է ուժի մեջ. կամ վավերացնում եք իմ ՀՌԱԿ ատենապետիս օրինական ընտրությունները, մոտենում ենք իրար եւ ամենքս անցնում է իր գործին... կամ ես ստիպված անցնում եմ իմ խոստումն ի կատար ածելուն... Կտեսնենք, թե ով ավելի շատ բան ունի կորցնելու...

ՀՌԱԿ ատենապետ` Հարություն Առաքելյան

Հ.Գ. Գաղտնապահական ասեմ, որ ձեռքիս տակ են եւս մի քանի աղմկահարույց հայտարարություններ... օրինակ 85 մլն դոլարի մասին, որը «դուրս» եկավ «Նաիրիտի» հաշվից եւ «ուղեւորվեց» Դանիա, իսկ մի մասն էլ` Մոսկվա: Ս այն պարագայում, երբ «Նաիրիտը» պարապուրդի էր մատնված եւ կարճ ժամանակ հետո գործարանը պայթեց` տալով զոհեր, իսկ պատճառը նշվեց, որ 150.000 դոլար միջոցներ չկար վերակառուցման համար:Չմոռանամ ասել նաեւ, որ բարի լեզուներն ասում են, որ այդ չարաբաստիկ 85 մլն դոլարը վերցված էր փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար նախատեսված գերմանական վարկից...

Նաեւ ուզում եմ նշել, որ Ձեր պաշտպանյալ, հանցագործ Էդվարդ Անտինյանը ժամանակին մեզ բազմաթիվ տեղեկատվություն է տվել վարչապետի եղբայրների, նրանց զբաղեցրած պաշտոնների եւ նրանց գործունեության մասին, որը կպահեմ որպես «դեսերտ»...

Հայտարարությունները պատրաստ են մեկնարկի եւ կտարածվեն իմ խոստացված հասցեներով ցանկացած պայմաններում... Այս նամակին կից տրամադրում եմ առաջին հայտարարության նախագիծը, որ պատրաստ լինեք հետագա զարգացումներին: Իսկ վերջում ցանկանում եմ ամբողջությամբ անկեղծանալ.

Աստված եմ կանչում, որ մոտ օրերս չվավերացնեք իմ ատենապետությունը...»:

Գրության մեջ ներկայացված է նաեւ «ՀՌԱԿ-ի հանդեպ կազմակերպված անօրինականությունների մասին» հայտարարության նախագիծը, որը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ: