Լոռիի մարզի Դարպաս գյուղում սեփական հորն ու կնոջը դանակով սպանող Մարտին Աբրահամյանի 2 անչափահաս երեխաներից մեկին` 1,5 տարեկան տղային խնամակալության կենտրոնի որոշմամբ, տեղափոխել են Գյումրիի երեխաների տուն-ինտերնատ: Այս փաստը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Դարպաս համայնքի ղեկավար Սամվել Ավետյանը, ավելացնելով, որ ծնողների բացակայության պարագայում այս դեպքում 2 տատիկներն են համարվել խնամակալներ, սակայն նրանք երկուսն էլ հրաժարվել են երեխայի խնամակալը դառնալուց: Հաշվի առնելով այս փաստը, խնամակալների ու հոգաբարձուների խորհրդի կողմից որոշվել է երեխային հանձնել սահմանափակ կարողություններով երեխաների մանկատուն:
Հարկ է նշել, որ երեխան բնածին արատներով է, ունի թույլ տեսողություն, խոսակցական ապարատի սուր խնդիրներ, վերին ու ստորին վերջույթների հաշմանդամություն, ու այս դեպքում որդեգրման հանձնելու մասին խոսելն անգամ ավելորդ է, ասել են երեխային զննած բժիշկները:
Այս օրերին Դարպասում խոսակցություններ են եղել, որ եվրոպացի անհայտ մի բարերար առաջարկել է բուժել երեխային` խոստանալով հոգալ բոլոր ծախսերը: Այս փաստը, սակայն, հերքեց գյուղապետ Սամվել Ավետյանը. «Իմ իմանալով էդպիսի բան չկա, այդ երեխայի ծնվելուց հետո ինչ բժշկի ասես դիմել են, մի 5 անգամ տարբեր հիվանդանոցներում բուժում է անցել, վերջում ասել են, որ նրա հաշմանդամությունն անբուժելի է, մինչեւ հիմա երեխան անգամ սնվել չէր կարողանում գդալով, մայրը կրծքով էր կերակրում»,-ասաց նա:
Նրանից հետաքրքրվեցինք նաեւ Մարտին Աբրահամյանի 6-ամյա աղջկա առողջության ու գտնվելու վայրի մասին: Ի պատասխան գյուղապետն ասաց, որ աղջնակն առողջական խնդիրներ չունի, սովորում է գյուղի դպրոցի առաջին դասարանում, ունի բավականին լավ առաջադիմություն: Նրա ներկայացմամբ, մոր մահից հետո 2 տատիկների միջեւ թեթեւ ընդհարումներ են եղել` երեխայի խնամակալ դառնալու համար, բայց ի վերջո, որոշվել է աղջկան հանձնել Մարտին Աբրահամյանի մորը, այժմ նա է փաստացի խնամակալ համարվում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Լոռիի մարզի Դարպաս գյուղում նույն գյուղի բնակիչ Մարտին Աբրահամյանը կոշկակարի իր դանակով սպանել էր սկզբում կնոջը, հետո նաեւ սեփական հորը: Նրա մանկահասակ 2 երեխաները, սպանությունից հետո, մոտ մեկ շաբաթ եղել են հարեւանների մոտ:




























