Հայաստանի կառավարությունը մտադիր է զարգացնել թոշակառուների համար անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի ծրագիրը, սակայն նախատեսում է նաև բովանդակային որոշակի փոփոխություններ: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովներում  2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2023 թվականին թոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրից վերադարձվել է ավելի քան 5 մլրդ դրամ: Իսկ անկանխիկ գործարքների ընդհանուր ծավալը թոշակառուների կողմից  կազմել է 60 մլրդ 104 մլն դրամ»,–ասաց Փաշինյանը:

Նա կարևորեց այս ծրագիրը, որն օգնում է ստվերը կրճատել:

Վարչապետը խոսեց նաև որոշակի մտահոգությունների մասին. «Վերջերս ես տեղեկանք խնդրեցի, թե ի վերջո մեր սիրելի թոշակառուներն ինչի՞ վրա են ծախսում այս գումարները: Եվ զարմանքով արձանագրեցի, որ մեծ տարբերությամբ գումարները ծախսվում են առաջին տողով ծխախոտի, երկրորդ տողով՝ բենզինի վրա: Սա մեզ առնվազն մտածելու տեղիք պետք է տա, թե ինչն է պատճառը»,–ասաց վարչապետը:

Նա այն համոզմանն է, որ պետք է զարգացնեն անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի ծրագիրը: Թե ինչպես և երբ, կառավարությունում քննարկումներ կան:

«Բայց նաև բովանդակային որոշակի փոփոխություններ պետք է անենք, որ չստացվի, թե մեր սիրելի թոշակառուներին կամ նրանց թոռնիկներին մղում ենք ավելի շատ ծխելու: Մեր նպատակադրումն այն է, որ նրանք ոչ միայն ավելի քիչ ծխեն, այլ նաև ընդհանրապես չծխեն ու առողջ ապրելակերպով ապրեն»,–ասաց Փաշինյանը:

Հայաստանում թոշակառուներն ու նպաստառուները անկանխիկ առևտրի դեպքում 10 տոկոս հետվճար են ստանում, սակայն ոչ ավելի, քան 5 հազար դրամը: