Կառավարություն-Հարություն Առաքելյան կոնֆլիկտը նոր զարգացում է ստանում:
Այս կապակցությամբ, հաղորդագրություն է տարածել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղար Արամ Անանյանը, որում, մասնավորապես, ասվում է.
«Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են քաղաքացի Հարություն Առաքելյանի հայտարարություններին, մեղադրանքներին եւ շատնաժի շարունակական ու բացահայտ փորձերին:
Հայտնում ենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր միջնորդությամբ դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն, որպեսզի ուսումնասիրվեն քաղաքացի Հարություն Առաքելյանի հայտարարությունների մեջ նշված պնդումները, եւ հայտարարությունների համաձայն հարուցվի քրեական գործ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության, Արդարատադության նախարարությունը ֆաքսի միջոցով ստացել է մի գրություն, որում «փորձ է կատարվում սպառնալ եւ շանտաժի ենթարկել ՀՀ վարչապետին եւ արդարադատության նախարարին»:
«Ըստ ամենայնի, այդ հաղորդագրությունն ուղարկվել է քաղաքացի Հարություն Առաքելյանի կողմից՝ ակնհայտ սուտ տեղեկություններով»,- ասված էր հաղորդագրության մեջ:
Հաղորդագրությանը կից ներկայացվել էր Հարություն Առաքելյանի նամակը Հրայր Թովմասյանին, որտեղ նա հայտարարել էր, որ եթե իրեն չվերականգնեն ՀՌԱԿ ատենապետի պաշտոնում, ինքը փաստաթղթեր կհրապարակի:
«Երեկ ինձ հետ խորհրդավոր զրույց ունեցավ Կենտրոնի դատախազ Խաչիկյանը: Ասեմ, որ շատ վատ կազմակերպված «միջոցառում» էր... Հավանաբար չեք պատկերացնում, թե ում հետ գործ ունեք եւ ես ինչերի եմ պատրաստ` եթե 2 օրվա ընթացքում, օրենքի տառին համապատասխան Ձեր ենթակայության տակ գտնվող կառույցի միջոցով օրինական ուժ չստանա ս.թ. հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Համագումարի երկրորդ նիստի որոշումները:
Իմ առաջարկը մնում է ուժի մեջ. կամ վավերացնում եք իմ ՀՌԱԿ ատենապետիս օրինական ընտրությունները, մոտենում ենք իրար եւ ամենքս անցնում է իր գործին... կամ ես ստիպված անցնում եմ իմ խոստումն ի կատար ածելուն... Կտեսնենք, թե ով ավելի շատ բան ունի կորցնելու»,- իր նամակում նշել էր Հարություն Առաքելյանը:
Բացի այդ, նա այսօր ասուլիս էր հրավիրել եւ հայտարարել, որ Արդարադատության նախարարությունում իրեն չեն հաստատում ՀՌԱԿ ատենապետի պաշտոնում, քանի որ ինքը տարիներ շարունակ բարձրաձայնել է «Նաիրիտի» հարցով 31 մլն դոլարի անհետացման մասին, դրանում մեղադրելով վարչապետ Տիգրան Սարգսյանին:



























