Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի իրականացրած կադրային փոփոխությունները պայմանավորված չեն անձնական մտերմության սկզբունքով: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը` մեկնաբանելով Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից Էդուարդ Մուշեղյանի պաշտոնանկության եւ այդ պաշտոնում Հրայր Անտոնյանի նշանակման փաստը:

Մասնավորապես նշվում է, որ «Կյաժ Էդո» մականունով հայտնի Մուշեղյանը նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի մանկության ընկերն է, իսկ Հրայր Անտոնյանը` Տարոն Մարգարյանի մտերիմն է:

Շուշան Սարդարյանի խոսքով, Էդուարդ Մուշեղյանը ոչ թե պաշտոնանկ է արվել, այլ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: «Իրենք երկար տարիներ աշխատել են, նույն թիմի անդամներ են, եւ որեւէ տարբերություն չկա: Եվ որեւէ կադրային նշանակում պայմանավորված չէ անձնական մտերմության սկզբունքով»,- նշել է նա:

Էդուարդ Մուշեղյանի հրաժարականի պատճառների մասին որեւէ տեղեկություն չի հաղորդվում: Առայժմ նա այլ պաշտոնում չի նշանակվել:

Հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, թե Մուշեղյանը նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի մտերիմն է եւ դա է նրա հրաժարականի պատճառը, Շուշան Սարդարյանը պատասխանեց, որ այդ մտերմության մասին տեղեկություն չունի:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը ռադիոկայանի հետ զրույցում չի բացառել, որ նորանշանակ թաղապետը Տարոն Մարգարյանի ընկերն է: Նա նաեւ ասել է, որ կուսակցությունը Տարոն Մարգարյանի կադրային փոփոխություններին չի միջամտում, քանի որ խնդիրներ է դրել հենց իր` Մարգարյանի առաջ, եւ վերջինս պետք է որոշի, թե ինչ թիմով այդ խնդիրները լուծի:

«Միշտ մեզ մոտ այսպես է, չէ՞, երբ կուսակիցդ առաջ է գնում, կուսակցությունը սկսում է թեւերին կախվել` սրան տեղավորի, նրան տեղավորի: Այդ խնդիրը մենք չունենք, որովհետեւ խնդիրը դրել ենք հենց իր առջեւ»,- ասել է նա: