Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ դրույթների հարցով ՍԴ դիմելու նպատակն այն հակասահմանադրական ճանաչելը չի եղել, այլ` հստակություն մտցնելը: «Ես չեմ դիմել ՍԴ, որպեսզի հակասահմանադրական ճանաչեն 1087.1 հոդվածը: Դիմել եմ, որ հստակություն մտնի»,-ասել է նա, հավելելով, որ այդ հարցով պատրաստվում է դեկտեմբերի 1-ին մամուլի ասուլիս հրավիրել:

Այս մասին օմբուդսմենը հայտարարել է այսօր՝ նոյեմբերի 22-ին, Գյումրիում: «Ասուլիսում կհրապարակենք ՍԴ-ի 37 էջանոց որոշումը, նշելով, թե դա որքանով հստակություն մտցրեց օրենսդրության կիրառության եւ ընդհանուր օրենսդրության ձեւակերպման մեջ: Դրա պատասխանը մենք կհչեցնենք դեկտեմբերի 1-ին»,- ընդգծեց նա:

Այնուհետեւ, ՄԻ պաշտպանը հայտարարել է, որ «զրպարտություն» եւ «վիրավորանք» հասկացությունների ապաքրեականացմանը վերաբերող օրենքը սահմանադրական է: Նշելով, որ ինքը չի դիմել դատարան այն հակասահմանադրական ճանաչելու համար, օմբուդսմենը նկատեց, որ ինքը ՍԴ-ի կողմից չի մերժվել, «եեւ մամուլն ամբողջությամբ ձեւակերպեց այդ կերպ»:

«Ես դիմել եմ Սահմանադրական դատարան, որպեսզի հստակություն մտնի: Այսինքն ես ստուգել եմ այդ դրույթների սահմանադրականությունը: Այնտեղ գրված չէ, որ խնդրում եմ հակասահմանադրական ճանաչել, գրված է խնդրում եմ ստուգել սահմանադրականությունը»,-հայտարարել է Կարեն Անդրեասյանը, հավելելով, որ հստակություն մտցնելը կօգնի, որպեսզի չարաշահումների, սխալ դատական վճիռների տեղ չտա: