Հայաստանի տարբեր մարզերում Մարդու իրավունքների գրասենյակներ են բացվելու` օտարերկրյա դոնորների ֆինանսավորմամբ: Այս մասին այսօր` նոյեմբերի 22-ին, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր Գյումրի այցելության ժամանակ: Նա հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը մերժել է ֆինանսավորում հատկացնել մարզերում գրասենյակներ բացելու համար:
Կարեն Անդրեասյանը նաեւ նշել է, որ ինքն սկսել է իր մարզային այցելությունները, որի շրջանակներում էլ Գյումրի է ժամանել:
Լրագրողների հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն փաստը, որ անվստահություն կա մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ, Կարեն Անդրեասյանը պատասխանել է. «Իհարկե, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, այո՛ ընդհանուր պետական մարիմնների նկատմամբ վերաբերմունքի արտացոլում է նաեւ մեր մարմնի նկատմամբ վերաբերմունքը: Եթե հասկանային, ինչի համար օգտագործել այս ինստիտուտը, եւ եթե մեզ հետ համագործակցության փորձը մի քիչ երկար լիներ, նաեւ լուսաբանվեր այն դրական արդյունքները, որոնք մենք տալիս ենք, մի գուցե այդ անվստահության մթնոլորտը վերանար»:




























