Հայ ազգային կոնգրեսի` նոյեմբերի 25-ին նախատեսված համապետական հանրահավաքի հիմնական խնդիրը Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերն են, որը կձեւակերպվի եւ կներկայացվի որպես ամբողջական փաստաթուղթ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:

Վերջինիս խոսքով, հանրահավաքում անպայման կլինեն անակնկալներ, սակայն չմանրամասնեց, թե ինչպիսի: «Անակնկալը անակնկալ չի լինի, եթե հիմա խոսենք այդ մասին»,- նշեց Մուսինյանը:

Ներկայումս ամբողջ թափով ընթանում են հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները: «Բոլոր կառույցները լծված են այդ գործին: Քարոզչական նյութերը բաժանման փուլում են: Որեւէ բացթողում չկա, եւ հանրահավաքի օրը նաեւ կիրականացնենք հանրապետության միջպետական հիմնական ճանապարհների դիտարկում»,- նկատեց Մուսինյանը եւ հավելեց. «Գիտեք, որ հանրահավաքի օրերին միջքաղաքային տրանսպորտը, որոշ քաղաքներում անգամ տաքսիները հանվում են եւ նրանց արգելվում է աշխատել Երեւանի ուղղությամբ»: