Գերմանիայի կառավարությունը ձգձգում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ բանակցությունները, որը պետք է հաստատվեր G7-ի գագաթնաժողովի սկզբում։ Դրա մասին վկայակոչելով Բրյուսելի դիվանագետներին իրարից անկախ հաղորդել են Ֆրանսպրեսն ու գերմանական dpa գործակալությունը։
Նոր փաթեթը կոչված է Ռուսաստանին թույլ չտալ շրջանցելու Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման համար գործող սահմանափակումները:
Ըստ DW-ի՝ Գերմանիայի վարանումներն ուփաստաթղթի տեքստը փոփոխելու նրա հորդորները վճռորոշ գործոն են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերջին փաթեթի հետաձգման համար։
«Վերջերս տպավորություն էր ստեղծվում, ասես Գերմանիան նոր Հունգարիան է»,- հայտարարել է դիվանագետներից մեկը՝ նկատի ունենալով, որ Վիկտոր Օրբանի կառավարությունը բազմիցս արգելափակել է Ռուսաստանի Դաշնության դեմ եվրոպական պատժամիջոցների ընդունումը և Ուկրաինային օգնության տրամադրումը։
ԵՄ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցչության խոսնակը հրաժարվել է մեկնաբանել բանակցությունների ընթացքը՝ dpa-ին հայտնելով, որ քննարկումները գաղտնի են եղել։
Բեռլինը խոչընդոտում է այն միջոցների հաստատմանը, որոնք ուղղված են հիմնականում Ռուսաստանի Դաշնության դեմ գործող պատժամիջոցների շրջանցմանը խանգարելուն։
Մասնավորապես, Գերմանիան կոչ է անում սահմանափակել կամ նույնիսկ վերացնել որոշ ապրանքների նկատմամբ պատժամիջոցների խախտման դեպքում դուստր ձեռնարկություններին պատասխանատվության ենթարկելու դրույթը, քանի որ հակառակ դեպքում կարող են պատասխանատվության ենթարկվել գերմանական ընկերությունները։
Գերմանական կառավարությունը նաև ավելորդ է համարում հաշվետվությունների ներկայացման որոշ պահանջներ՝ պաշտպանելով SWIFT-ի ռուսական անալոգ՝ ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգի օգտագործումը սահմանափակող միջոցների մեղմացումը:





























