Այս շարժումը քաղաքական հենարան չունի, բոլոր փորձերը կապելու «նախկինների» հետ, սին են ու դատարկ։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը:
«Ես որևէ խնդիր չունեմ համագործակցելու բոլորի հետ։ Անցյալ օրը, օրինակ, ինձ հրավիրել էին «Արարատյան ալյանս» ինստիտուտի հավաքին՝ կազմակերպված Ռուսաստանի հայերի միության կողմից, աղմուկ էր բարձրացել՝ բացահայտված է՝ ռուսական է։ ԱՄՆ-ն, Ֆրանսիան կամ Մադագասկարը թող հրավիրեն, իրենցը գնամ։
Հրեշ են ստեղծել, եւ նույնիսկ չեն զլացել գնալու մինչեւ առաջին հիմնադիր նախագահ:
Ուրախ եմ, որ ՀԱԿ-ը այդ իմաստով շատ դիպուկ, ծանր, դետալային պատասխան է տվել եւ տալիս է:
Ես մտերմություն ունեմ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի հետ, նաև՝ ՀԱԿ-ի տարբեր անձանց հետ։
Մտերմություն ունեմ երկրորդ, երրորդ նախագահների շրջանակների հետ։
Ես ընդդիմադիր եմ եղել բոլոր իշխանությունների ժամանակ, իրենց ասել եմ, բայց թշնամի չենք եղել»,-ասաց նա:
Սրբազանի խոսքով՝ Հայաստանում չկա մեկը, որ նախկին չէ. «Մենք բոլորս էլ ընկերներ, բարեկամներ ու հարազատներ ունենք, կարող է ընդունենք կամ չընդունենք, ես բոլոր ժամանակներում ընդդիմադիր եմ եղել՝ սկսած առաջին նախագահից, բայց թշնամիներ չենք եղել, ոչ ոք չի դարձրել որևէ մեկին հայրենիքի դավաճան»,- ասաց նա։
Սրբազանն ընդգծեց՝ բոլոր ժամանակներում սխալները, թերացումներն ու ձախողումները մարդիկ ընդունել են, բայց դրանք ողբերգություն չեն եղել, ինչպես այսօր է։





























