Եվրոպական ինտեգրումը միափուլ կամ անգամ բազմափուլ գործընթաց չէ։ Այս մասին Ազգային ժողովում «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության հայտի ներկայացման հարցով հանրաքվել անցկացնելու առաջարկի մասին» խորհրդարանական լսումների ժամանակ, հունիսի 21-ին հայտնել է եվրոպական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Հարցը, նրա խոսքով, այստեղ այն չէ, թե լավ է արդյոք լինել ԵՄ անդամ, թե վատ։

«Հարցի պատասխանը պարզ է. լավ է լինել ԵՄ անդամ, որովհետեւ փոքր պետությունները շատ բան են ստանում՝ համեմատաբար քիչ բան տալով»,- ասել է Եղոյանը։

Փաստը, ինչպես նշել է խորհրդարանականը, ցուցադրել է, որ փոքր երկրները ԵՄ մտնելուց հետո արագ աճ են ունեցել։

Հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ լսումների նպատակը հարցի քննարկումն է փորձագիտական մակարդակով, այլ ոչ թե քարոզչության եւ կարգախոսների։