Բժշկական դիմակով մարդը Երեւանի բնակիչներին մեջ շոկ է առաջացնում: NEWS.am-ի թղթակիցը դիմակով անցել է քաղաքի փողոցներով, ինչը զարմանք, իսկ երբեմն էլ ապշանք էր հարուցում Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի շրջանում:

Անցորդների հետ զրույցում ակնհայտ դարձավ, որ մեծամասնությունը մտադիր չէ A/H1N1՝ «խոզի գրիպ»-ից պաշտպանվելու նման միջոցի դիմել: «Եթե առողջապահության նախարարությունը կամ համապատասխան կառույցներն անվճար մեզ նման դիմակներ հատկացնեն, միգուցե եւ կրեմ: Բայց իմ գումարով ես մտադիր չեմ դիմակ գնել»,- նշեց Բաղրամյան պողոտայի մթերային խանութի սեփականատերերից մեկը:

Նույն պողոտայում գտնվող գեղեցկության սրահի աշխատակիցները գրիպից պաշտպանվելու նման միջոցը ծայրահեղ համարեցին: Մանկավարժական համալսարանի ուսանողուհիները մտադիր են գրիպի դեմ պայքարել բացառապես սխտորի միջոցով, սակայն հայտարարեցին, թե այդ մթերքն աստիճաբանար անհետանում է շուկայից՝ համալրելով արդեն դեֆիցիտ դարձած «Տամիֆլյու» դեղամիջոցի եւ նրան փոխարինողների շարքերը: Իր 5-ամյա որդու հետ զբոսանքի դուրս եկած Ժաննան հայտնեց, որ մանկապարտեզում խորհուրդ են տվել զերծ մնալ տվյալ հաստատությունն այցելելուց եւ նախազգուշացրել են հնարավոր համաճարակի մասին: «Հավանաբար ստիպված են լինելու դիմել դիմակների օգնությանը, թեեւ ավելի լավ է՝ հնարավորինս քիչ այցելել մարդկանց մեծ կուտակումներով վայրեր»,- նշել է նա:

Առայժմ իրավիճակը Հայաստանում չի կարելի խուճապային համարել, սակայն արդեն նախնական տվյալներով հաստատվել է «խոզի գրիպ»-ի առկայությունը Իրանի մի քաղաքացու մոտ: Երկու այլ հիվանդների անալիզներն ուղարկվել են Լոնդոն՝ փորձաքննության: Հիվանդները գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: